Դոնալդ Թրամփը պատրաստվում է ամբողջ երկրում արտակարգ դրություն հայտարարել․ լրատվամիջոցներ

23:41 • 13.03.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի բռնկման հետևանքով այսօր երկրում արտակարգ դրություն կհայտարարի, հաղորդում է The Sun պարբերականը։

Թրամփը, որին որոշ փորձագետներ քննադատում էին ճգնաժամին դանդաղ արձագանքելու համար, ինչպես սպասվում է, այդ հայտարարությունը կանի ժամեր անց նախատեսված մամուլի ասուլիսում, գրում է աղբյուրը։

Ամբողջ երկրում արտակարգ դրության հայտարարումը թույլ կտա Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը, որը վերահսկում է ավելի քան 40 միլիարդ դոլար ֆինանսավորում, գումար տրամադրել նահանգների կառավարություններին և տեղական իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մարտի 13-ից ներառյալ՝ 30 օրով կարգելի Եվրոպայից մուտքը Նահանգներ: Ներկայում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 1629 դեպք, որից 41-ը՝ մահվան ելքով։
 
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։