Երեկ ասում էին «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա», այսօր փախել են Սևան. համացանցում քննարկում են Փաշինյանի և տիկնոջ ինքնամեկուսացումը

00:40 • 14.03.20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ կնոջ՝ Աննա Փաշինյանի հետ ինքնամեկուսացվել են Սևանի թերակղզում գտնվող կառավարական ամառանոցներում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է կասկածվում, և, համաձայն լրատվամիջոցների տվյալների, թեստի արդյունքը դրական է եղել, իսկ Աննա Հակոբյանը վերջերս է վերադարձել Բրազիլիայից, որտեղ հանդիպել ու ողջագուրվել է նախագահի կնոջ հետ:

Այս հայտարարությունից հետո համացանցում ակտիվորեն քննարկվում է Փաշինյանի և Աննա Հակոբյանի մեկուսացումը Սևանի թերակղզում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Մենք ասում էինք փակեք սահմանը, նրանք ասում էին վտանգ չկա, գրիպից ավելի շատ մարդ է մահանում։

Մենք ասում էինք վտանգավոր գոտիներից եկածներին մեկուսացնել է պետք, նրանք ասում էին դա լավագույն լուծումը չի։

Մենք ասում էինք խուսափեք մարդաշատ վայրերից, նրանք հանրահավաք էին անում։
Հիմա գնացել Սևանի ամառանոցում ինքնամեկուսացել են, դե թող ժողովուրդն ու բժիշկները ոնց ուզում են տակից դուրս գան։

Անպատասխանատվությունը էլ ո՞նց ա լինում։
Ակամա հիշում ես վարչապետի սիրած գիրքը»։

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը հիշեցրել է, որ մինչև երեկ Փաշինյանը հայտարարում էր «կորոնավիրուսը ո՞ւմ շունն ա», իսկ այսօր մեկուսացել է:

«Ամբողջ աշխարհը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ քայլեր էր ձեռնարկում, կարանտիններ սահմանում, փակում սահմաններ, քաղաքներ ու մի ողջ պետություններ մեկուսացնում և մինիմալի հասցնում արտաքին աշխարհի հետ շփումները, իսկ պողոսների վատչապետն ու խղճուկների իր թիմը մինչև երեկ «կորոնավիրուսն ու՞մ շունն ա» ասելով, հեգնելով, ոչ մի պրոֆիլակտիկ միջոց չձեռնարկելով ու ոչինչ չանելով՝ զանգվածային միջոցառումներ էր կազմակերպում, փողոցում «ռաստ եկած» առաջին իսկ մարդուն բրեժնևյան համբույրներ պարգևում: Հիմա էլ ամենավերջին մորթապաշտի նման փախել է Սևան ու ընտանիքի հետ մեկուսացել: Այսինքն՝ ոչ մի բանի ունակների իր խմբակով ոչինչ չձեռնարկելով, մատը մատին չտալով՝ վիրուսը բերեց բաց թողեց մարդկանց շրջանում, հիմա իր ամրոցում առանձնացել ու արձակուրդն է վայլում: Միրզոյան Արարատի բառերով ասած՝ է՞ս չեք, արա...

Հ.Գ. Մեկ-մեկ Երևանի քաղաքապետ Կարգինի Հայկոյին զանգեք, վախից լեղապատառ եղած չլինի»:

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը սոցցանցի իր էջում հրապարակել է երկու լուսանկար, որոնցից մեկում Չինաստանի նախագահն է, մյուսում՝ Նիկոլ Փաշինյանը:

՞Առաջին լուսանկարում Չինաստանի նախագահը քայլում է իր հայրենիքի, իր պետության վերջին օրերին ամենատառապած ու վարակված Ուհանի փողոցներով...
Մյուս լուսանկարում «Այո»-ի շտաբի քարոզիչն ա... թռել ա Սևանի թերակղզի, այնտեղ ապահով լայվ ա մտել ու ամոթանք ա տալիս, մեղադրում կորոնովիրուսով վարակված իր հայրենակցին»,-լուսանկարին կից գրել է Մալյանը:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն իր էջում գրել է.

«Ո՞վ ինձ կբացատրի, թե ինչու է Նիկոլն ընտանիքով փախել Երևանից և «ինքնամեկուսացվել»։ Երեկ չէ՞ր ասում, թե «սովորական գրիպի նման բան ա»։

Եթե կորոնավիրուս ունի, թո՛ղ հայտարարեն, իսկ մեկուսացումը կարելի է նաև Երևանում կազմակերպել, կամ, թեկուզ, իր շատ սիրած «Գոլդեն փելեսում»։

Եթե չունի, ապա ինչո՞ւ է փախել Երևանից։

Ո՞ւր է Երևանի քաղաքապետը, որն այսօր պիտի «առաջին գծում» լիներ, պլանավորելով ու պատրաստվելով Երևանում արտակարգ քայլերի իրագործման»։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում արտակարգ դրություն չի հայտարարվում:

«Վարչապետը ընտանիքով մեկուսացավ Սևանում։ Արտակարգ դրություն չի հայտարարվում, չնայած արդեն պարզ ա, որ հանրաքվեն հետաձգվելու ա, 3 շաբաթ ա մնացել ու պարզ ա, որ ոչ-մի գիտակից մարդ չի գնա ընտրատարածք։ Չնայած, էդ ես հիմա տրամաբանորեն եմ դատում, իսկ դա էդքան էլ տեղին չի մեր վարքագծային մոդելի մեջ»,-գրել է նա։