Կոլումբիան կորոնավիրուսի պատճառով փակում է Վենեսուելայի հետ սահմանը
Կոլումբիան ժամը 5.00-ին (Երևանի ժամանակով ժամը 14.00-ին) կորոնավիրուսի պատճառով կփակի Վենեսուելայի հետ սահմանը, Twitter սոցկայքի իր էջում հայտնել է երկրի նախագահ Իվան Դուկեն։
«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մանրամասն վերլուծությունից հետո, հաշվի առնելով վերջին ժամերի իրադարձությունները` թույլ տվեք տեղեկացնել երկրին, որ մարտի 14-ի ժամը 5.00-ից սկսած` կփակվեն Վենեսուելայի հետ բոլոր սահմանային անցակետերը»,-նշել է նա։
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ դիտարկում է Բրազիլիայի և Կոլումբիայի հետ սահմանները փակելու հարցը, սակայն երկրներին խնդրում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հարցերում համագործակցության եզրեր գտնել։ Նա հայտնել է, որ Վենեսուելայի իշխանություններին հաջողվել է Բրազիլիայի հետ երկխոսություն սկսել, այն դեպքում, երբ Դուկեի կառավարության անդամների հետ հնարավոր չի եղել կապ հաստատել։
Կոլումբիայի նախագահը հայտնել է, որ մարտի 16-ից երկիր մուտք գործելն արգելվելու է կացության իրավունք չունեցող այն օտարերկրացիներին, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Եվրոպայում և Ասիայում: Երկրի քաղաքացիները ստիպված կլինեն 14-օրյա կարանտին անցնել:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:










