Մալդիվներում կորոնավիրուսով վարակված լինելու համար կասկածվող զբոսաշրջիկների համար շքեղ կարանտինային գոտի է բացվել

11:48 • 14.03.20

Մալդիվյան արշիպելագի կղզիներից մեկում նոր տեսակի կորոնավիրուսով հնարավոր վարակված զբոսաշրջիկների համար կարանտինային գոտի է բացվել․ հատուկ այդ նպատակով 10 oրվա ընթացքում այնտեղ հյուրանոց է կառուցվել, գրում է maldivesfinest.com կայքը։ 

Covid-19 կորոնավիրուսով կասկածվող զբոսաշրջիկներին կտեղափոխեն մայրաքաղաք Մալեից 24 կմ հեռավորության վրա գտնվող Վիլիվարու կղզի։

Բուժանձնակազմը կազմված կլինի կամավորներից և անվճար կաշխատի։ Շքեղ կարանտինային գոտու ծախսերը հոգալու է կառավարությունը։

Հյուրանոցում օդափոխման և օդի մաքրման փակ համակարգով 30 սենյակ կա, որոնցում մեծ հեռուստացույց և ամեն բանով ապահոված մինի բար կա։ Շքեղ կարանտինային գոտում գտնվողներին օրական երեքանգամյա սնունդով կապահովեն։ 

Հյուրանոցի բնակիչների շփումը մեկը մյուսի հետ խստիվ արգելվում է։

Կայքի տեղեկություններով՝ Մալդիվներում այս պահին կորոնավիրուսով վարակված 9 մարդ կա։ Բարեբախտաբար, վիրուսի հետևանքով այստեղ մահվան դեպքեր չեն գրանցվել։

Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարվել մարտի 11-ին, փակվել են մի շարք հանգստյան գոտիներ։