Մավրիտանիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

10:04 • 14.03.20

Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը:

Տվյալների համաձայն` վարակվածը երկիր է ժամանել Եվրոպայից` մարտի 9-ին:

«Մավրիտանիա վերադառնալու հաջորդ օրը հիվանդի ընկերոջ մոտ վիրուս է հայտնաբերվել, նա (հիվանդը – խմբ.) ինքնուրույն տանն իր համար կարանտինային ռեժիմ է սահմանել»,- մեջբերվում է նախարարության հայտարարության մեջ:

Ուրբաթ առավոտյան հիվանդն անալիզներ է հանձնել, որոնք հաստատել են, որ նա վարակվել է COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսով, ինչի հետ կապված մեկուսացվել է:

Երկրի նախարարությունը կոչ է անում բնակչությանը հանգստություն պահպանել և հետևել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: