Թրամփի բժիշկը հայտնել է, որ նախագահի մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգելու անհրաժեշտություն չկա

11:04 • 14.03.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական բժիշկ Շոն Քոնլին հայտարարել է, որ նախագահի համար նոր տեսակի կորոնավիրուսի թեստ անցկացնելու որևէ անհրաժեշտություն չկա, գրում է nbcnews.com կայքը։ 

«Հաշվի առնելով այն փաստը, որ նախագահի մոտ որևէ ախտանշան չկա՝  այս պահին COVID-19 անալիզի անհրաժեշտություն չկա»,– ասվում է Քոնլիի՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝  Թրամփն օրերս բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ սահմանափակ շփում է ունեցել այն մարդու հետ, որի մոտ երեք օր անց վիրուսի ախտանշաններ են հայտնաբերվել։

«Բացի այդ, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև նախագահի հյուրերից մեկի մոտ, որն այդ երեկո Թրամփի հետ մի սեղանի շուրջ է նստած եղել»,– մանրամասնել է Քոնլին՝  նշելով, որ այդ մասին հայտնի է դարձել միայն ուրբաթ երեկոյան։ Ըստ նրա` «նման դեպքերում վարակվելու ռիսկը ցածր է»:

Թրամփը մեկ անգամ չէ ավելի վաղ հայտարարել, որ իրեն լավ է զգում և չի պատրաստվում կորոնավիրուսի թեստ հանձնել։ Սակայն ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ նախագահը հայտարարել է, որ «հավանաբար» ինչ-որ պահի իր մոտ նույնպես COVID-19-ի առկայությունը կստուգեն։