Պատգամավորներից մեկը ներողություն խնդրեց ոստիկանության սխալ գործողությունների համար, իսկ Երևանի ոստիկանական բաժնի պետը խնդրեց ջնջել գրառումս,հարգեցի նրա խնդրանքը. Տիգրան Խզմալյանի պարզաբանումը

17:41 • 18.03.20

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով նախօրեին կատարած իր գրառման և դրանից հետո իր տուն եկած ոստիկանների միջամտության միջադեպի մասին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Բարեկամներ՝ հակիրճ երեկվա պատահարի մասին։ Ես գրառում էի արել, բառացիորեն մեջբերելով worldometers.info համաշխարհային տեղեկատվական առցանց կայքի տվյալները թագավարակի վերաբերյալ։ Դա առաջացրեց ոմանց անառողջ (իմ համոզմամբ) ջղաձգումներ եւ մեղադրանքներ իմ հասցեին՝ խուճապ տարածելու մեջ։ Մի կին էլ ուղիղ դիմել է իր արտահայտությամբ «Պարետ Ավինյանին» ինձ պատժելու կոչով։

Գիշերվա 1:35-ին իմ դռանը թակեցին երկու ոստիկան համազգեստով եւ փոխանցեցին ինձ պահանջ՝ հեռացնել գրառումս։ Ես ասացի, որ ի գիտություն եմ ընդունում նրանց պահանջը։ Հինգ րոպե անց նրանք թակեցին նորից եւ ներկայացրեցին նոր հրաման՝ ջնջել գրառումս նրանց աչքի առաջ։ Ես ասացի, որ առանց ծանուցման նրանց այլեւս ներս չեմ թողնի եւ չեմ կատարելու անհեթեթ հրամանները, քանի որ գրառումս միջազգային պաշտոնական տվյալներից բացի ոչ մի այլ բան չի պարունակում։ Նրանք մինչեւ գիշերվա 2:15 րոպե շարունակում էին ջարդել դուրս, իրական խուճապ առաջացնելով 4-հարկանի տան բնակիչների մոտ։ 3:30 ես ստացա ֆեյսքուքով նամակ ԱԺ մի կին-պատգամավորից, որի անունը չեմ հայտնում այստեղ, քանի որ նամակը իմ փակ փոստին էր ուղարկված եւ ես չունեմ նրա թույլտվությունը հրապարակել այն։

Պատգամավորը ներողություն խնդրեց ոստիկանության սխալ գործողությունների համար եւ հորդորեց իջեցնել լարվածությունը։ Առավոտյան ինձ զանգահարեց քաղաքի ոստիկանական բաժնի պետը եւ նույնպես ներողություն հայցեց գիշերային պատահարի համար, խնդրելով այնուամենայնիվ ջնջել գրառումս, քանի որ ընթերցողներիս թիվը բավական մեծ է։ Ես բացատրեցի, որ գրառման մեջ մեջբերվում են միջազգային պաշտոնական տվյալներ, որոնք չեն հակասում նաեւ ՀՀ պաշտոնական տվյալներին, սակայն հարգելով խնդրանքը ես պատրաստ եմ այն հեռացնել։

Ափսոսում եմ, որ վարակի դեմ պայքարը տարվում է ոչ թե իրական վտանգների դեմ՝ երթուղային տրանսպորտում, խանութներում, եկեղեցիներում, այլ միանգամայն անհեթեթ առիթներով։ Հույս ունեմ, որ հանրային անդորրի միակ «թշնամին» կմնամ ես եւ զգուշության ու կարգապահության քողի տակ մենք չենք նահանջելու դեպի բռնապետություն եւ «հեղափոխության պահապանների» խունվեյբինական զավեշտ։ Առողջություն եւ համբերություն բոլորին։