Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում․ ՊՆ խոսնակ
Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս պահի դրությամբ քննարկումներ չեն իրականացվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցման պատճառով ամառային զորակոչի հնարավոր հետաձգման վերաբերյալ հարցին։
«Նախատեսվում է երկրի պաշտպանունակության պահպանման համապետական կարևորության միջոցառումն անցկացնել պլանավորած ժամկետում»,- հայտնեց Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ կրթական հաստատությունների աշխատանքը մեկ շաբաթով դադարեցվել էր ՀՀ-ում առաջին կորոնավիրուսի հաստատման դեպքից հետո՝ մարտի 1-8-ը։ Դպրոցներում և բուհերում դասապրոցեսն սկսելուց հետո 5 օր անց՝ մարտի 13-ին կրկին որոշվեց դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։ Իսկ մարտի 16-ին ընդունվեց ՀՀ-ում մոտ մեկ ամսով՝ մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու որոշումը։










