Google-ը հանրային սննդի ոլորտի աշխատակիցներին նվիրված շնորհակալական «դուդլ» է ներկայացրել
Google որոնողական համակարգը նոր տեսակի կորոնավիրուսի հավավարակի դեմ պայքարում իրենց մեծ ներդրումն ունեցող հանրային սննդի ոլորտի աշխատակիցների համար հատուկ «դուդլ» է պատրաստել:
Ինչպես նշում է korrespondent.net կայքը՝ հանրային սննդի ոլորտի աշխատակիցներին նվիրված այս «դուդլը» արդեն իններորդն է, որի միջոցով ընկերությունը համավարակի պայմաններում ծավալած գործունեության համար շնորհակալություն է հայտնում տարբեր մասնագետների, այդ թվում՝ բուժաշխատողներին, գիտնականներին, կոմունալ ծառայության և շտապօգնության աշխատակիցներին, վաճառողներին, առաքիչներին:
Աղբյուրն ընդգծում է, որ հանրային սննդի ոլորտի աշխատողները բժիշկների, ուսուցիչների, ոստիկանների պես, իրենց աշխատանքի բնույթից ելնելով, առաջնագծում վարակման առավել մեծ վտանգի մեջ են գտնվում:
Կարանտինի ընթացքում հանրային սննդի կենտրոններն ամբողջ աշխարհում հիմնականում փակ են, սակայն դրանք սնունդը տուն առաքելու ծառայություններ են մատուցում:










