Որևէ մեկը չի մոռացվել. Մոսկվայից վերադարձողների համար համապատասխան քայլերը կիրականացնենք մոտ օրերս, «Դոմոդեդովո»-ում հավաքվելու անհրաժեշտություն չկա»․ ԱԳ փոխնախարար
Այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Ավետ Ադոնցը պատասխանեց հարցին, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում տիրող իրավիճակի մասին ի՞նչ տեղեկություն ունի Արտաքին գործերի նախարարությունը և ինչ քայլեր է ձեռնարկում նոր թռիչք կազմակերպելու ուղությամբ:
Նա նշեց, որ թռիչքներ իրականացվել են, և այդ գործընթացները շարունակվելու են, մինչև բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն Հայաստան վերադառնալու ցանկություն, չվերադառնան հայրենիք:
«Որևէ մեկը չի մոռացվել: Մենք տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում, մենք տեղյակ ենք առաջին պահից, և մենք մեր հայրենակիցներին վերադարձնելու համապատասխան բոլոր գործողություններն անելու ենք և հատկապես Մոսկվայից վերադարձողների համար համապատասխան քայլերը կիրականացնենք մոտ օրերս»,- ասաց նա:
Հարցին, թե երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին, ի՞նչ տեղեկություն ունի այս մասին նախարարությունը, Ադոնցը պատասխանեց՝ հորդորում է, որ ՀՀ քաղաքացիները ենթարկվեն բոլոր այն առաջարկներին, որոնք իրենց արվում են այն երկրներում, որտեղ նրանք գտնվում են:
«Պետք է ենթարկվել պահանջներին, քանի որ թելադրվող կանոնները պահպանելու դեպքում որևէ խնդիրների առաջ մենք չենք կանգի: «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքվելու անհրաժեշտություն չկա»,- շեշտեց նա:










