Մեդիադաշտի 90 տոկոսը զբաղված է գումար աշխատելու և հետաքրքիր վերնագիր հնարելու հարցով. Ալեն Սիմոնյան

22:20 • 21.04.20

«Մաքրման» գործընթացն անընդհատ է. քրեական գործերը, հետախուզման մեջ գտնվող անձինք դրա վառ ապացույցն են, և կարծում եմ՝ մոտ ապագայում մենք էլ ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է «Սերժի մնացորդներից մաքրել» պետական համակարգը, և հարցին՝ հանրությունը երբ ականատես կլինի այդ «մաքրմանը»:

«Երկու տարին, կարծում եմ, բավարար ժամկետ է, թեև ամեն ինչ արվել է ընթացս նաև խնդիրները լուծելու համար. շատ-շատ խնդիրներ լուծվել են, որոնց մասին չի խոսվում հասկանալի պատճառներով. մեդիադաշտը զբաղված է մեկ այլ գործողությամբ: Մեդիադաշտի 90 տոկոսը այսօր զբաղված է գումար աշխատելու և հետաքրքիր վերնագիր հնարելու և տեղադրելու հարցով, դրա համար դրանց մասին շատ չի խոսվում: Մնացածի մասով չեմ կարծում, որ վարչապետը նոր բան է ասել, այդ ամենը բոլորը շատ լավ գիտեն»,-ասաց Սիմոնյանը

Հարցին՝ մոնիթորի՞նգ է արվել, որ Սիմոնյանն ասում է, թե մեդիադաշտի 90 տոկոսն զբաղվում է գումար աշխատելով, Սիմոնյանն արձագանքեց:

«Եթե Դուք ուզում եք ինձ հետ վիճաբանության մեջ մտնել՝ դա իննսո՞ւնն է, յոթանասո՞ւնն է, թե՞ իննսունհինգն է, մենք այդ հարցում ոչ մի բանի չենք հասնի: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ այսօր մեդիադաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին, գիտենք, թե ինչ թվերով և ինչ վաճառքներ են տեղի ունենում, և տեսնում ենք ոչ միայն մենք, այլև մեր համաքաղաքացիները»,-ասաց ԱԺ փոխնախագահը՝ նշելով, թե յուրաքանչյուր լրատվամիջոց, որ կասի, որ այսօր լրատվական դաշտում զետեղված ինֆորմացիայի գոնե 50 տոկոսը խեղաթյուրված չէ, կոնտեքստից կտրված չէ, կհայտնվի շատ վատ վիճակում, որովհետև դա այդպես է:

«Ակնհայտ է, որ արվում է ամեն ինչ մեկ-երկու նպատակի համար՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները և, ենթադրենք, կառավարության կամ իշխանության ձեռքբերումները չներկայացնելով՝ ներկայացնել կոնտքեստից կտրված ինչ-որ իրավիճակներ, որոնք, մեծ հաշվով, ոչ իրականությանն են համապատասխանում, ոչ էլ կապ ունեն»,-ասաց նա:

Հարցին՝ եթե զրպարտում են կամ կոնտքեստից կտրած են ներկայացնում խոսքը, ինչու՞ դատի չի տալիս, Սիմոնյանը նշեց, շուտով ականատես կլինենք շատ ու շատ դատական հայցերի նաև իր կողմից: