Ջո Բայդենը խոստովանել է, որ նախագահ ընտրվելու դեպքում, փոխնախագահի պաշտոնում կցանկանար Միշել Օբամային նշանակել
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստովանել է, որ նախագահ ընտրվելու դեպքում, դեմ չէր լինի փոխնախագահի պաշտոնում նշանակել երկրի նախկին առաջին տիկին Միշել Օբամային:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դեմոկրատ Բայդենը նախագահ Բարաք Օբամայի օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնն ու առայսօր շատ մտերիմ հարաբերությունների մեջ է Օբամա ընտանիքի հետ:
«Նա պարզապես փայլուն է, ամեն ինչից քաջատեղյակ է և իրապես հրաշալի կին է: Որպես փոխնախագահ՝ նա շատ լավը կլիներ»,-CBS News-ի հետ զրույցում ասել է Բայդենը՝ տարակուսանք հայտնելով այն առնչությամբ, թե արդյոք նախկին առաջին տիկինը կընդունի իր առաջարկը:
Ավելի վաղ Միշել Օբաման հայտարարել էր, որ հետաքրքրված չէ քաղաքականությամբ:
Նշվում է, որ Բայդենը խոստացել է փոխնախագահի պաշտոնում կնոջ նշանակել:
«Ես հանձն եմ առել փոխնախագահի պաշտոնում կնոջ նշանակել, քանի որ շատ կարևոր է, որպեսզի իմ վարչակազմն արտացոլի հասարակության, ազգի պատկերը: Գերագույն դատարանի ղեկավարի պաշտոնում կլինի ոչ սպիտակամաշկ կին»,-ասել է Բայդենը:










