«Մյուս ձմեռ ԱՄՆ-ն կարող է բախվել կորոնավիրուսի երկրորդ, ավելի ծանր ու բարդ ալիքին»․ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար
Մյուս ձմեռ ԱՄՆ-ն կարող է բախվել կորոնավիրուսի երկրորդ, ավելի ծանր ու բարդ ալիքին, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը: Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Նրա խոսքով՝ «հավանականություն կա, որ մյուս ձմռանը ԱՄՆ-ի վրա վիրուսի հարձակումը նույնիսկ ավելի բարդ կլինի, քան այն, ինչի միջով հիմա անցնում ենք»:
Ռեդֆիլդը ենթադրում է, որ սեզոնային գրիպը կարող է առաջանալ COVID-19-ի երկրորդ ալիքի հետ միաժամանակ, իսկ երկու շնչառական հիվանդությունների միաժամանակյա բռնկումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ի առողջապահության համակարգը կհայտնվի «անհավատալի ծանրաբեռնվածության» տակ:
Ներկայում Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսով վարակվածների և մահացությունների թվով: Worldometer միջազգային վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 819 164 դեպք, որից 45 340-ը՝ մահվան ելքով։










