«Նախևառաջ պետք է աշխատանքով ապահովել գործազուրկ ամերիկացիներին». Թրամփը 60 օրով կդադարեցնի «Գրին քարտ»-ի տրամադրումը

10:03 • 22.04.20

ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի համավարակի բացասական տնտեսական հետևանքների պատճառով 60 օրով դադարեցնում են ներգաղթյալների ընդունումը: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է The Guardian-ը։

«Անտեսանելի թշնամու դեմ պայքարն ազդել է աշխատողների վրա, միլիոնավոր ամերիկացիներ զոհաբերել են իրենց աշխատանքը վիրուսի դեմ պայքարելու և կյանքեր փրկելու համար։  Մեր պարտականությունն է վերադարձնել նրանց աշխատանքն ու ապրուստի միջոցը։ Մեր աշխատողներին պաշտպանելու համար ես ժամանակավոր արգելք կսահմանեմ դեպի ԱՄՆ ներգաղթի վրա։ Ներգաղթի դադարեցումը կօգնի գործազուրկ ամերիկացիներին սահմանափակումների չեղարկումից հետո առաջինն աշխատանք ստանալ»,- ասել է Թրամփը:

Նախագահն ընդգծել է, որ ամերիկացիների նկատմամբ անազնիվ և սխալ կլինի նրանց արտերկրից ժամանած նոր աշխատուժով փոխարինելը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որոշումն օրենքի ուժ կունենա 60 օր, որից հետո դրա գործողության երկարաձգումը կամ փոփոխությունները կդիտարկվեն՝ տնտեսական իրադրությունը հաշվի առնելով։

Հրամանագիրը վերաբերում է միայն նրանց, ովքեր հավակնում են մշտական բնակության թույլտվություն, այլ կերպ ասած`Գրին քարտ ստանալ։ 

«Տեսնենք, թե ներգաղթի առումով ինչ լրացուցիչ միջոցներ կպահանջվի ամերիկացի աշխատողների շահերը պաշտպանելու համար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Ինչպես նշել է Թրամփը, կարգադրությունը չի վերաբերելու ֆերմերային տնտեսություններին, որոնց վրա աշխատում են ներգաղթյալները:

Դեպի ԱՄՆ ներգաղթի դադարեցման մասին հրամանագիրը կստորագրվի այսօր:

Ավելի վաղ BBC-ն գրել էր, որ կառավարությունն օգտագործում է այս համավարակը ներգաղթը ճնշելու նպատակով։

«Գաղտնիք չէ, որ նախագահը և մի քանի առանցքային խորհրդականներ ներգաղթը դիտարկում են որպես կապիտալի արտահոսք։ Եվ Թրամփի գրառումն առ այն, որ այս քայլն անհրաժեշտ է ոչ թե ազգի առողջությունը, այլ «իր քաղաքացիների աշխատատեղերը» պաշտպանելու համար, դրա վառ ապացույցն է»,- գրում է աղբյուրը։

Թրամփը նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ձեռնամուխ է եղել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, ինչպես նաև սահմանափակել է առավելապես մահմեդական 7 երկրներից քաղաքացիների և փախստականների մուտքն ԱՄՆ՝ դա բացատրելով ահաբեկչության սպառնալիքով։

Թրամփը նաև բազմիցս դժգոհել է ներգաղթի առկա համակարգից, որի համաձայն՝ երկիր են մուտք գործում առավելապես ԱՄՆ-ում արդեն բնակվող ներգաղթյալների հարազատները: Նախագահն առաջարկել է գործարկել նոր համակարգ, որը կդիտարկի հասարակության համար նոր ներգաղթյալի օգտակարությունը, ներառյալ՝ կրթության մակարդակն ու աշխատունակությունը։ Թրամփի նախաձեռնությունները հավանության չեն արժանացել Կոնգրեսում։

Վերջին չորս շաբաթվա ընթացքում ավելի քան 20 մլն ամերիկացի կորոնավիրուսի ֆոնին գործազուրկ է դարձել։