Ճապոնիայում Չեբուրաշկայի մասին առաջին եռաչափ անիմացիոն մուլտֆիլմն են ստեղծել (տեսանյութ)
Ճապոնացի մուլտիպլիկատորները եռաչափ անիմացիոն համակարգի միջոցով նոր կարճամետրաժ մուլտֆիլմ են ներկայացրել խորհրդային ժամանակահատվածի ամենահայտնի մուլտհերոսներից մեկի՝ Չեբուրաշկայի վերաբերյալ, հայտնում է Anime News Network-ը։
Թեև մուլտֆիլմում հերոսները ճապոներեն են խոսում, սակայն երաժշտության և ձևավորման շնորհիվ հեղինակներին հաջողվել է վերստեղծել խորհրդային տիկնիկային մուլտֆիլմերի ռետրոմթնոլորտը։
Մուլտֆիլմում կոկորդիլոս Գենան նարինջների տակ գտնվող արկղից գտնում է Չեբուրաշկային, ինչից հետո «գիտությանն անհայտ մեծ ականջներով գազանը» իր նոր ընկերոջն օգնում է հայտնիություն ձեռք բերել կենդանաբանական այգում։
Աղբյուրը նկատում է, որ «Ծագող արևի երկրում» սա Չեբուրաշկայի մասին առաջին նախագիծը չէ․ 17 տարի առաջ ճապոնական SP International ընկերությունը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայից գնել է խորհրդային գրող, մանկագիր Էդուարդ Ուսպենսկիի գրքի հերոսների արկածների մասին մուլտֆիլմերը մինչև 2023 թվականը երկրում նկարահանելու իրավունքը։
2010 թվականին լույս է տեսել Չեբուրաշկայի մասին 26 մասից բաղկացած սերիալը, իսկ 2013 թվականին՝ լիամետրաժ ֆիլմը։ Չեբուրաշկայի կերպարը բավական մեծ ճանաչում ունի ճապոնացիների շրջանում։










