Կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելու պատճառով մեկուսացվել են Ուռուցքաբանության կենտրոնի աշխատակիցներ. փոխտնօրենը վստահեցնում է՝ կենտրոնը պաշտպանված է ներհիվանդանոցային վարակներից

22:37 • 24.04.20

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում կորոնավիրուսով վարակակիր է հայտնաբերվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը: Նրա խոսքով՝ հիվանդն իրենց կենտրոն է տեղափոխվել Էրեբունի ԲԿ-ից:

«Սկզբում այնտեղ թեստ են արել, որը եղել է բացասական, քանի որ քաղաքացին քաղցկեղով հիվանդ է, տեղափոխել են մեզ մոտ։ Հաշվի առնելով նրա մոտ առկա սիմպտոմները՝ տեղափոխման օրվանից մեկուսացվել է։ Երկրորդ թեստը եղել է դրական, ինչից հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նրա հետ աշխատած բուժանձնակազմը մեկուսացված է, տարածքն ախտահանված է»,- ասաց նա:

Նա հավելեց, որ իրենց հիվանդների կողքին են, և անելու են առավելագույնը, որ նրանք ոչ միայն զերծ մնան հնարավոր վարակից, այլև հաղթեն այն ծանր հիվանդությանը, որի դեմ միասին պայքարում են։

«Կորոնավիրուսով հիվանդներ ցանկացած տեղ կարող են լինել, սա մեր ժամանակի մարտահրավերն է, որը կհաղթահարենք, եթե պայքարենք միասին։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ կենտրոնը պաշտպանված է ներհիվանդանոցային վարակներից և սպասարկում է պացիենտներին բացարձակ անվտանգ պայմաններում»,- ասաց նա։