Իսպանիայում կորոնավիրուսից ապաքինված մարդկանց 24-ժամյա ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է վարակման նոր դեպքերի թիվը. The Guardian

23:35 • 24.04.20

Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսից բուժված հիվանդների ավելի մեծ թիվ, քան վիրուսով վարակվածներինը:

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ ողջ աշխարհում վարակման դեպքերի երկրորդ խոշորագույն ցուցանիշը գրանցած երկրում վերջին մեկ օրում հիվանդացության 2796 նոր դեպք է արձանագրվել, մինչդեռ վերջին 24 ժամում հիվանդությունից ապաքինվել է 3105 մարդ:

«Մեր գործադրած ջանքերն իրենց արդյունքն են տալիս. գնահատելով համաճարակի իրավիճակը՝ մենք այնտեղ ենք, որտեղ պետք է լինեինք»,- ասել է Իսպանիայի առողջապահության նախարարության շտապ օգնության կենտրոնի ղեկավար Ֆերնանդո Սիմոնը:

Իսպանիայում կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, մահացել է 22․524 մարդ, որոնցից 367-ը՝ վերջին մեկ օրում: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 104․885 մարդ, ապաքինվել է 92․355-ը: