Իտալիայի մշակույթի նախարարը խոստացել է մայիսին բացել երկրի գլխավոր տեսարժան վայրերը
Իտալիայի ամենահայտնի տեսարժան վայրերը, ինչպիսիք են Կոլիզեումի հնագիտական հուշակոթողը և Պոմպեյ հնագիտական քաղաքը, այցելությունների համար կբացվեն մայիսին: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին La Repubblica պարբերականին տված հարցազրույցում ասել է Իտալիայի մշակույթի և տուրիզմի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
«Թանգարանները կբացվեն մայիսին, ոչ մայիսի 4-ից, երբ լրանում է կարանտինի ժամկետը, այլ ավելի ուշ: Եվ կբացվեն միայն այն կառույցները, որտեղ հնարավոր կլինի ապահովել անվտանգության բոլոր միջոցառումները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ամենից դժվարը կլինի թատրոնների, կինոթատրոնների և այլ մշակութային հաստատությունների աշխատանքի վերականգնումը: Նախարարը հավելել է, որ զբոսաշրջության մասին խոսելը դեռ վաղ է:
Հիշեցնենք, որ կարանտինն Իտալիայում սահմանվել է մարտի 8-ից: Փետրվարի 21-ից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 26 հազար մարդ, վարակվել՝ ավելի քան 195 հազարը:










