Կանադայի պատմության մեջ խոշորագույն հրաձգությունը. ոստիկանությունը հայտնել է, որ հրաձիգի դրդապատճառն ընկերուհու հետ հարաբերությունների խզումն է եղել (լուսանկարներ)
Օրերս Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ խոշորագույն հրաձգությունը, որը 22 մարդու կյանք էր խլել։ Կանադայի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ զանգվածային սպանդի պատճառը մարդասպանի և նրա ընկերուհու հարաբերությունների խզումն է եղել, գրում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ 51-ամյա ատամնաբույժ Գաբրիել Ուորթմանը բռնության է ենթարկել ընկերուհուն, ապա կապել է նրան, սակայն կնոջը հաջողվել է փախչել, ինչն առաջացրել է մարդասպանի զայրույթը։
«Կինը լուրջ վնասվածքներ է ստացել, բայց նրան հաջողվել է փախչել, և դա կարող էր իրադարձությունների շղթայի սկիզբը լինել»,- հայտարարել է Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության ներկայացուցիչ Դարեն Քեմփբելը:
Ոստիկանությունը չի բացառում, որ հանցագործը կարող էր նաև նախապես ծրագրած լինել զանգվածային սպանությունը։
Ըստ հաղորդման՝ տուժած կինը ներկայում վերականգնվում է ստացած վնասվածքներից և համագործակցում է ոստիկանության հետ։
Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ կինը հանցագործից փախել է շաբաթ երեկոյան։ Գիշերը նա անցկացրել է Նոր Շոտլանդիայում գտնվող Պորտապիկ բնակավայրը շրջապատող սաղարթախիտ անտառում։ Առավոտյան ժամը 6։30-ի սահմաններում նա զանգահարել է 911 շտապօգնության հեռախոսահամարով։
Այդ ժամանակ Ուորթմանն արդեն 13 մարդու էր սպանել Պորտապիկում։ Ոստիկանության համազգեստով քողարկված՝ նա կիրակի առավոտյան սպանել է ևս 9 մարդու, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակցի։
Ի սկզբանե ոստիկանները հայտնել էին, որ կասկածյալին ձերբակալել են հրաձգության սկսվելուց մի քանի ժամ անց։ Հետագայում իրավապահները տեղեկացրել են, որ հրաձիգը մահացած է։












