Հոլիվուդի կնքահայրը նշում է 80-ամյակը. Ալ Պաչինոյի անցած ուղին՝ ուշագրավ ֆոտոշարով
«Կնքահայրը» ֆիլմում կերտած կերպարով մեծ ճանաչում ձեռք բերած ամերիկացի դերասան Ալ Պաչինոն ծնվել է 1940 թվականի ապրիլի 25-ին իտալական ծագում ունեցողների ընտանիքում:
17 տարեկանում Ալ Պաչինոն ձախողել է դպրոցի ավարտական քննություններն ու որոշել ընդունվել կատարողական արվեստների դպրոց: Մոր հետ վեճի պատճառով ստիպված է եղել ուսման վարձն ինքնուրույն աշխատել՝ ցածր վարձատրվող աշխատանքներ կատարելով: 1966-ին ընդունվել է Դերասանական ստուդիա, որից հետո սկսել է խաղալ բոստոնյան և նյույորքյան թատրոնների ներկայացումներում: Երեք տարի անց արդեն արժանացել է «Թոնի» մրցանակի բրոդվեյյան ներկայացման համար:
Թատրոնում ապագա աստղին նկատել է պրոդյուսեր Մարտին Բրեգմանը, ում շնորհիվ Պաչինոն հետագայում ստացել է իր հանրահայտ դերերը: 1972-75 թվականներին նկարահանվել է 5 նշանավոր ֆիլմերում, որոնք էին «Կնքահայրը», «Սերպիկո», «Խրտվիլակ», «Կնքահայրը 2» և «Շան կեսօր» կինոնկարները:
Ալ Պաչինոն իր դիրքը կինոաշխարհում ամրապնդել է՝ հանդես գալով բազմաթիվ այլ հեղինակավոր կինոնկարներում, որոնցից են «Կնքահայրը 3», «Սպիով դեմքը», «Կառլիտոյի ուղին», «Սատանայի փաստաբանը», «Դոննի Բրասկո», «Անքնություն» ֆիլմերը:
Վերջին ֆիլմը, որում նկարահանվել է հանրահայտ դերասանը, անցյալ տարի թողարկված «Իռլանդացին» է, որի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ դերասանի հոբելյանի առթիվ ֆոտոշար ներկայացնելով նրա ֆիլմերից:
















