Այն անձինք, որոնք կորցրել են իրենց աշխատանքը կամ հարկադիր չվարձատրվող արձակուրդի անցել, վեց ամսվա ընթացքում կստանան 200 լարի օգնություն. Վրաստանի վարչապետ
Վարձու աշխատող անձինք, որոնք կորցրել են իրենց աշխատանքը կամ հարկադիր չվարձատրվող արձակուրդի անցել, վեց ամսվա ընթացքում կստանան 1200 լարի օգնություն: Այս մասին ուրբաթ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, որը ներկայացրել է հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը, գրում է 1tv.ge-ն:
Նրա խոսքով՝ օգնությունն ամսական 200 լարի կկազմի:
«Այս սխեման կօգնի մեր յուրաքանչյուր քաղաքացու ստանալ սոցիալական օգնություն: Բոլոր այն անձինք, որոնք արտակարգ դրություն հայտարարելուց հետո ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը և այլևս չեն ստանում աշխատավարձ, օգնություն կստանան 1200 լարիի չափով, ինչը նշանակում է, որ այդպիսի մարդիկ ամեն ամիս 200 լարի կստանան: Եվս մեկ անգամ, այս օգնության կայունությունը մեզ համար կրիտիկական կարևոր է եղել: Մենք հասկանում ենք և ուզում ենք շեշտել, որ մենք օգնում ենք յուրաքանչյուր քաղաքացու 1200 լարիի չափով՝ յուրաքանչյուր ամիս տրամադրելով 200 լարի»,- ասել է վարչապետը:










