«Մենք ուժեղ և միասնական լինելու կարիք ունենք՝ ձայն բարձրացնելու համար ընդդեմ Ցեղասպանության». Ֆրենկ Փալոնե
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն տեսաուղերձ է հրապարակել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերին և Ցեղասպանությունից փրկվածներին:
«Ուրախ եմ միանալու ամերիկահայ ընկերներիս՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչմանը: Իհարկե, չենք կարող սովորականի պես միասին հավաքվել Թայմս Սքուեր հրապարակում կամ այլ վայրում, ինչպես արել ենք նախկինում, բայց մենք, միևնույնն է, ուժեղ և միասնական լինելու կարիք ունենք՝ ձայն բարձրացնելու ընդդեմ Ցեղասպանության:
Մեզանից շատերը, ինչպես նաև ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչները երկարատև աշխատանք են տարել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևն անցկացնելու համար և դա հիրավի մեծ հաջողություն է»,-նշել է կոնգրեսականը:
Նա հավելել է, որ հայկական հարցերով հանձնաժողովն աշխատում է, որպեսզի առավել մեծ օգնություն տրամադրվի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Կոնգրեսականը նշել է նաև, որ Թուրքիայի կառավարությունն օգտվում է համավարակից, որպեսզի ավելի մեծ ճնշում գործադրի տեղի լրատվամիջոցների վրա:
Փալոնեն խոսել է նաև վերջերս Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ ասելով, որ Արցախը ևս մեկ անգամ իրական ժողովրդավարության ապացույց է ներկայացրել:
Վերջում ամերիկացի գործիչն ընդգծել է, որ չի ցանկանում, որ Ցեղասպանությունը երբևէ կրկնվի ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարբեր խմբերի մարդկանց նկատմամբ:










