Երևանում կրակոցներ են հնչել, հայր ու որդի վնասնածքներով տեղափոխվել են հիվանդանոց

11:39 • 25.04.20

Այս գիշեր Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, ապրիլի 25-ին՝ ժամը 1:20-ին, քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հաղթանակ թաղամասի առաջին փողոցից կրակոցների ձայներ են լսվում:

«Այնուհետև ոստիկանությունը հաղորդում է ստացել նաև բժշկական կենտրոնից, որ իրենց են դիմել հայր ու որդի՝ հրազենային վնասվածքներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Հաղթանակ թաղամասի առաջին փողոցում»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Նա հայտնեց, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերվել է ատրճանակի գնդակներ, պարկուճներ, փամփուշտ:

Լրատվական վարչության պետի տեղակալն ասաց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, կատարվում է քննություն: