Ռուսաստանում կառուցվում է աշխարհում ամենամեծ ուղղափառ տաճարներից մեկը՝ Ստալինի, Պուտինի, Շոյգուի խճանկարներով (լուսանկարներ)
Ռուսաստանը ֆաշիստական Գերմանիային հաղթելու 75-ամյակի կապակցությամբ պատրաստվում է հանրությանը ներկայացնել Քրիստոսի Հարության տաճարը, որի խճանկարները պատկերում են նախագահ Վլադիմիր Պուտինին, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին, մի շարք այլ պաշտոնյաների, ինչպես նաև Ղրիմի միացումը Ռուսաստանին, գրում է The Guardian-ը։
Կառույցը, որը կբացվի Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, կդառնա աշխարհի ամենաբարձր ուղղափառ տաճարներից մեկը։ ՌԴ զինված ուժերի գլխավոր տաճարը կառուցվել է «Պատրիոտ» այգում:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Քրիստոսի Հարության տաճարը վերածվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդային հաղթանակի հուշարձանի. գլխավոր գմբեթի տակ սյունի բնի տրամագիծը կկազմի 19,45 մետր՝ մատնանշելով պատերազմի ավարտի տարին, իսկ «Հիշատակի ճանապարհը» կունենա 1418 աստիճան, ինչը համապատասխանում է Խորհրդային Միության պատերազմում կռվելու օրերի թվին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ առավել հատկանշական է այն խճանկարը, որը փառաբանում է Պուտինին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և այլ ռուս պաշտոնյաների, որոնք 2014 թվականին առնչություն են ունեցել Ղրիմի՝ ՌԴ-ին վերամիավորվելու գործողությանը։
Խճանկարներից մեկում, որն առաջին անգամ ցուցադրել է МБХ լրատվական կայքը, պատկերված են Պուտինը, ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, և այլ բարձրաստիճան անձինք, ինչպես նաև եռագույն դրոշներով ռուսաստանցիներ։
Եկեղեցու ներկայացուցիչները հաստատել են լուսանկարների արտահոսքը՝ հայտարարելով, որ եկեղեցու խճանկարում ընդունված է ներառել իրական կերպարներ։
«Միշտ գոյություն է ունեցել ավանդույթ, ըստ որի՝ խճանկարներում պատկերվում են պատմական տեսարաններ։ Հասկանալի է, որ նշանակալի իրադարձություն էր նաև Ղրիմի գործողությունը։ Կառավարության գլխավոր անդամները, որոնք պատկերված են այստեղ, մասնակցել են այդ գործողությանը», -РБК թերթին ասել է տաճարի ղեկավար եպիսկոպոս Ստեֆանը։
Մեկ այլ խճանկարը պատկերում է նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակից հետո Կրեմլի առջև կանգնած զինվորների բազմությամբ և Ստալինի դիմանկարով դրոշով 1945թ. շքերթը:














