Չինաստանի խոշորագույն թանգարանային համալիրը՝ Արգելված քաղաքը, մայիսի 1-ից կվերսկսի աշխատանքը

15:04 • 30.04.20

Չինաստանի խոշորագույն թանգարանային համալիրը՝ Պեկինում գտնվող Արգելված քաղաքը (Գուգուն), որը երեք ամիս առաջ փակվել էր կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, մայիսի 1-ից կվերսկսի իր աշխատանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով թանգարանի հայտարարությանը։

Նշվում է, որ պալատական համալիրն առավոտյան 08։30-ից մինչև 17։00-ն կաշխատի, միևնույն ժամանակ բաց կլինի միայն դրա տաղավարների մի մասը։

Այցելության համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 24 ժամ առաջ թանգարանի պաշտոնական կայքում առցանց ամրագրում կատարել։ Ամեն օր համալիր մուտք գործելու համար թույլտվություն կստանա առավելագույնը 5 000 մարդ։

Արգելված քաղաքն աշխարհում ամենաընդարձակ պալատական համալիրն է, համարվում է Պեկինի գլխավոր պատմական համալիրը։ Դրա հիման վրա ստեղծված «Գուգուն» թանգարանում է պահվում չինական ավանդական արվեստի ամենամեծ հավաքածուն, որը ստեղծվել է կայսերական տանը պատկանող հավաքածուից։