Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի առթիվ «Անմահ գնդի» երթը ՀՀ-ում այս տարի կանցկացվի առցանց ռեժիմով․ Սերգեյ Ռիբինսկի
Հաշվի առնելով ՀՀ-ում սահմանված արտակարգ իրավիճակը, կորոնավիրուսի վտանգը, մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին զանգվածային միջոցառումներ չեն լինի։ Այս տարի «Անմահ գնդի» երթն առցանց ռեժիմով կանցկացվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին․ «Հարկավոր է առաջնագծում ծառայածների լուսանկարներն ու նրանց մասին տեղեկություններն ուղարկել «Հայաստանի Անմահ գունդ» պորտալին և մենք մայիսի 9-ին առցանց ռեժիմում կտեսնենք մեր վետերաններին: Բացի այդ, տեղեկությունները կուղարկվեն Ռուսաստան, որտեղ «Անմահ գնդի» տարբեր առցանց հարթակներում երթը կհեռարձակվի ամբողջ աշխարհի համար»,- հայտնեց նա։ Սերգեյ Ռիբինսկին հարցազրույցում պատմում է Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ Հայաստանում կազմակերպված միջոցառումների, կորոնավիրուսի առաջացրած դժվարությունների և ՀՀ-ում կենտրոնի գործունեության մասին։
- Պարոն Ռիբինսկի, այս տարվա մայիսի 9-ին լրանում է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: Ի՞նչ նշանակություն ունի այդ օրը հայ և ռուս ժողովուրդների և առհասարակ մարդկության համար:
- Այո, մայիսի 9-ը մեզ համար գլխավոր տոնն է: Այս տարի այս ամսաթիվը յուրահատուկ է` 75 տարի առաջ մեր ժողովուրդները միասին փրկեցին աշխարհը ֆաշիզմից և հասան երկար սպասված հաղթանակի: Հայաստանում և Ռուսաստանում գրեթե չկան ընտանիքներ, որոնց չի առնչվել այդ սարսափելի պատերազմը: Հայաստանից ավելի քան 600 000 հայ է գնացել պատերազմ, որոնցից 300 000-ը չի վերադարձել: Մեծ Հայրենականի բոլոր կռիվներին հայերն ու ռուսները ուս-ուսի հերոսաբար կռվել և մոտեցրել են Հաղթանակի Մեծ օրը: Մեզ համար դա ընդհանուր պատմություն է: Այսօր յուրահատուկ կարևորություն ունի մեր հայրերի, պապերի, նախապապերի, մեր մեծագույն ժողովուրդների համար հպարտության զգացումը: Իսկ ամենագլխավորն այն է, որ աճող սերունդը այդ հիշողությունը տանի դարերով և ոչ ոքի չտա:
- Կներկայացնե՞ք, թե Հայաստանում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ինչ միջոցառումներ են ծրագրվում անցկացնել: Նախորդ տարիներին սովորաբար երթեր էին տեղի ունենում, զանգվածային միջոցառումներ, օրինակ, անցյալ տարի տեղի ունեցավ «Անմահ գնդի» երթը, որի ժամանակ մարդիկ պաստառների վրա իրենց պապիկների ու տատիկների նկարներով եկել էին հարգելու զոհերի հիշատակը: Հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգը, ինչպե՞ս են կազմակերպվելու տոնական միջոցառումները այս տարի:
- Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը իհարկե փոխել է կյանքը աշխարհի տարբեր երկրներում: Հաշվի առնելով սահմանված արտակարգ իրավիճակը, մայիսի 9-ին զանգվածային միջոցառումներ չեն անցկացվի: Կարծում եմ՝ ծրագրված միջոցառումներն անպայման կանցկացվեն ավելի ուշ, տարվա ընթացքում: Ամբողջ 2020 թվականը հաղթանակի 75-ամյակի հիշողության և փառքի տարին է:
Ինչ խոսք, «Անմահ գնդի» երթը տարեցտարի ավելի զանգվածային է անցնում և դառնում է Հաղթանակի օրվա գլխավոր խորհրդանիշներից մեկը: Անցյալ տարի մի քանի հազար մարդ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում միասնական երթ կատարեցին իրենց հարազատների ու մտերիմների լուսանկարներով: Ես նույնպես մասնակցել եմ 2019 թվականի «Անմահ գնդի» երթին: Ընտանիքիս հետ միասին մենք տարել էինք մեր պապերի և տատիկի լուսանկարները: Մինչև հիմա հիշում եմ, վառ հիշողություններ են մնացել այդ մթնոլորտից և մասշտաբից: Այս տարի, ցավոք, մայիսի 9-ի երթը առցանց ռեժիմով կանցկացվի: Հարկավոր է առաջնագծում ծառայածների լուսանկարներն ու նրանց մասին տեղեկություններն ուղարկել «Հայաստանի Անմահ գունդ» պորտալին և մենք մայիսի 9-ին առցանց ռեժիմում կտեսնենք մեր վետերաններին: Բացի այդ, տեղեկությունները կուղարկվեն Ռուսաստան, որտեղ «Անմահ գնդի» տարբեր առցանց հարթակներում երթը կհեռարձակվի ամբողջ աշխարհի համար:
- Россотрудничество-ի ֆեյսբուքյան էջում նկատեցի հայրենասիրական պոեզիայի #ПомнитеПобеду և #СОВЕТПОБЕДЫ ֆլեշմոբերը։ Ինչպիսի՞ տարածում են գտել այս ֆլեշմոբերը։
- «Հիշեք հաղթանակը» հայրենասիրական պոեզիայի ֆլեշմոբը հայտարարվել էր դեռևս անցյալ տարի, բայց ճանաչում ձեռք բերեց հենց 75-ամյակի նախաշեմին: Մեզ ասմունքի տեսանյութեր են ուղարկում ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքից, այլ նաև հանրապետության տարբեր անկյուններից` քաղաքներից և գյուղերից: Մասնակցում են ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ, անհատներ և ամբողջ խմբեր: Արտասանում են ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այնքան հայտնի բանաստեղծների գործեր, այդ թվում նաև ժամանակակից: Իհարկե, մասսայականություն են վայելում առաջնագծային բանաստեղծները. Կոնստանտին Սիմոնով, Էդուարդ Ասադով, Յուլիա Դրունինա, Ալեքսեյ Սուրկով, Մուսա Ջալիլ, Ալեքսանդր Տվարդովսկիյ:
Ակցիային մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը արտասանեց հայ և խորհրդային բանաստեղծ Ավետիք Իսահակյանի «Մեծ հաղթանակի օրը» բանաստեղծությունը` Նիկոլայ Տիխոնովի թարգմանությամբ:
Վերջերս «Հիշեք հաղթանակը» հայրենասիրական պոեզիայի ֆլեշմոբը տարածվեց Հայաստանի սահմաններից դուրս: Մեզ են միացել Ռուսաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բոսնիա և Հերցոգովինան: Ներկայումս մոտ 370 հայտ է ստացվել: Բայց մենք չենք պատրաստվում դրանով սահմանափակվել, հայտերը կընդունվեն 75-ամյակի ամբողջ տարվա ընթացքում, հետագայում նույնպես միայն ուրախ կլինենք հետաքրքրվածության համար:
Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև «Խաղաղ երկնքի ներքո» մանկական նկարների հանրապետական փառատոնը, որը ծրագրվում էր ավարտել Մայիսի 9-ին`այգիներում ցուցադրություններով՝ «Անմահ Գնդի» երթի ընթացքում: Սակայն իրավիճակը այլ կերպ դասավորվեց և մենք անցանք առցանց ձևաչափի:
Սկզբնական փուլում փառատոնը ծրագրված էր անցկացնել հանրապետական մասշտաբով, սակայն հետաքրքրվածությունը այնքան մեծ էր, որ սկսեցին նկարներ ուղարկել նաև այլ երկրներից: «Խաղաղ երկնքի ներքո» փառատոնի աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանի բոլոր շրջանները: Աշխատանքներ են ստացվել նաև Կալինինգրադից, Ստավրոպոլից, Պրոկոպևսկից, Չերնոգոլովկայից, ինչպես նաև Դուշանբեից:
-Կխնդրեի առավել մանրամասն ներկայացնեիք հայ երիտասարդության և մշակույթի գործիչների մասնակցությամբ միջոցառումները:
- Տարեսկզբին երիտասարդական հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծվել է «Հաղթանակի խորհուրդը», որը միավորել է Հայաստանի շուրջ 20 երիտասարդական կազմակերպությունների: Նրանք Մեծ հաղթանակի առիթով համապարփակ ծրագիր են պատրաստել: Ներկայումս ընթանում է «Հաղթանակի խորհուրդը» պոեզիայի և երաժշտության ֆլեշմոբը: Ֆլեշմոբին մասնակցելու համար պետք էր տեսանյութ ձայնագրել, որում մասնակիցը Հայրենական մեծ պատերազմի մասին երգ է երգում կամ բանաստեղծություն է արտասանում (հայերեն կամ ռուսերեն լեզուներով): Մասնակիցները տեսանյութը հրապարակում էին սոցիալական ցանցի իրենց էջերում, հետագայում դրանք հայտնվում էին «Հաղթանակի խորհրդի» էջում: Այդ ֆլեշմոբի արդյունքներով համերգային ծրագիր կկազմվի, որը մայիսի 9-ին կհեռարձակվի սոցիալական ցանցերի մի քանի հարթակներում և YouTube-ում:
Երիտասարդության կողմից կազմակերպվել են նաև «Գիորգիևյան ժապավեն» ակցիան, պատմական նշանակություն ունեցող վայրերում շաբաթօրյակները և վերականգնողական աշխատանքները, Երևանի մետրոյի կայարաններում Հայրենական Մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսներ և շատ այլ միջոցառումներ:
Նաև հատուկ կցանկանաjի անդրադառնալ հաղթանակի 75-ամյակի նախօրեին պատրաստված մի ծրագրի, որի շրջանակներում Հայաստանի մշակույթի գործիչները կարդացել են Ռոբերտ Ռոժդեսվենսկու «Ռեքվիեմ» պոեմի «Հավերժ փառք» գլուխը:
Արդեն ավելի քան քառորդ դար է, ինչ Մեծ Հայրենականի առաջնագծերում ընկած խորհրդային բանակի հավերժ երիտասարդ զինվորներին և սպաներին նվիրված Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմը» ցնցում է բոլոր նրանց, ովքեր կարդում կամ լսում են այն: Ստեղծագործության մեջ տարբեր ձայներ են լսվում. սա հայրենիքի համար ընկածների և´ ողբերգական, և´ տղամարդկային կտակն է, սա նաև ապրողների բարձր երդումն է, բայց այդ բոլորը միավորվում են մեկ ձայնի` սրտի ձայնի մեջ, որը հավատում է ապագային: Ռոժդեստվենսկու ստեղծագործությունը ոգեշնչել է շատ նկարիչների ու երաժիշտների`ստեղծելու դրա մոտիվներով սեփական գործերը:
Հայաստանի 11 երևելի մշակութային գործիչներ ներկայացրել են ստեղծագործության նոր մեկնաբանությունը՝ իրենց ներդրումն ունենալով հերոսների անմահ սխրանքի և «Ռեքվիեմի» անմահության գործում:
Տեսահոլովակի գաղափարը հասունացել էր վաղուց և միաձայն հավանության էր արժանացել ՀՀ հայտնի մշակութային գործիչների կողմից: Ռոժդեստվենսկու ստեղծագործության տողերը մոտ են յուրաքանչյուրիս, քանի որ մեր տատիկներն ու պապիկներն են անցել այդ պատերազմով: Այսօր վետերաններից քչերն են ողջ մնացել, և տարեցտարի նրանց թիվը գնալով քչանում է: Ցանկանում եմ առաջին հերթին մեր երախտագիտությունը հայտնել նրանց և հարգանքի տուրք մատուցել հեռացածներին:
- Բացի Հայրենական Մեծ պատերազմի հետ կապված միջոցառումների կազմակերպումից, կխնդրեի, որ մի քանի բառով պատմեիք Россотрудничества-ի գործունեության մասին Երևանում:
- Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը հանդիսավոր կերպով բացվել է 2009 թվականին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Մեր կենտրոնի հոբելյանը վերջերս հանդիսավոր կերպով նշեցինք Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս տարիների ընթացքում մեր ՌԳՄԿ-ն դարձել է գրավիչ վայր նրանց համար, ովքեր սիրում են մեր երկիրը և շահագրգռված են երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ: Կարող եմ նշել, որ կենտրոնի կողմից անցկացվող միջոցառումների թիվը տարեցտարի ավելանում է: 2019 թվականին դրանք ավելի քան 300-ն են եղել: 2017 թվականի վերջում մենք մասնաճյուղ ենք բացել Գյումրիում, որը նույնպես ակտիվ մասնակցություն է ունենում մշակույթի, գիտության և կրթության ոլորտի ծրագրերի իրականացման գործում:
Աշխատանքներ ենք տանում ռուս-հայկական հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես` ռուսաց լեզվի ուսումնառության և տարածման, գիտական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև Ռուսաստանի լավագույն բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորություն ենք ստեղծում: Առաջնահերթություններից մեկը մնում է երիտասարդության հետ աշխատանքը: Հատուկ ուշադրություն ենք դարձնում Ռուսաստանի Դաշնության և այլ ոլորտների հիմնադիր սուբյեկտների ներուժի խթանման աշխատանքներին: Կարող եմ առանձնացնել ռուսաց լեզուն և կրթությունը ժողովրդականացնելուն ուղղված միջոցառումները: Այդպիսիք են ռուսական խոսքի օրերը Հայաստանում, ռուսերեն լեզվի դասարանների բացումը, ՌԴ լավագույն բուհերում անվճար սովորելու ծրագիրը: Մշակույթի ոլորտում` ԱՊՀ երկրների ռուսական թատրոնների դերասանների միջազգային ամառային դպրոցը, ինչպես նաև ռուս արտիստների համերգների ու ցուցադրությունների կազմակերպումը, տաղանդավոր երիտասարդության համար կազմակերպվող «Նոր սերունդ», «Բարև Ռուսաստան» ծրագրերը, «Նորարարական կառավարում» գիտական դպրոցը և այլ շատ ծրագրեր:










