Բոբ Դիլանը 8 տարվա մեջ առաջին անգամ իր հեղինակային երգերով նոր ալբոմ կթողարկի
Ամերիկացի հայտնի երգիչ Բոբ Դիլանը 8 տարվա մեջ առաջին անգամ իր հեղինակային երգերից կազմված ալբոմ կթողարկի․ այս մասին հայտնի է դառնում աստղի պաշտոնական կայքից։
Հայտնի է, որ Դիլանի՝ Rough and Rowdy Ways անվանումը կրող 39-րդ ստուդիական ալբոմը լույս կտեսնի հունիսի 19-ին։
Երգչի վերջին երեք ալբոմները (Shadows in the Night (2015), Fallen Angels (2016) և Triplicate (2017)) կազմված են եղել տարբեր ամերիկյան հեղինակների երգերի քավեր տարբերակներից։ Հեղինակային երգերով վերջին ալբոմը՝ Tempest-ը, թողարկվել է 8 տարի առաջ՝ 2012 թվականին։
Նշվում է, որ սպասվող ալբոմից երկու երգ արդեն թողարկվել է։ Դրանցից մեկը «Murder Most Foul» 17-րոպեանոց ստեղծագործությունն է, որում Դիլանը պատմում է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի մահվան մասին։ «False Prophet» անվանումով երկրորդ երգը աստղը հանրությանն է ներկայացրել նախորդ շաբաթ։
1960-ական թվականներից ստեղծագործող Դիլանը ռոք երաժշտության մեջ «պաշտամունքային անձ» է համարվում։ Նրա երգերից շատերը, ինչպիսիք են՝ «Blowin’ in the Wind»-ը և «The Times They Are a-Changin’»-ը, ԱՄՆ-ում դարձել են քաղաքացիական իրավունքների պաշտպանության և հակապատերազմական շարժման հիմներ։










