Մահացել է կատակերգու Ջերի Սթիլերը

20:28 • 11.05.20

Մահացել է ամերիկացի կատակերգու դերասան Ջերի Սթիլերը, որն առավել հայտնի է «Քվինսի արքա» և «Սայնֆելդ» երգիծական սերիալներում մարմնավորած դերերով:

Ինչպես հայտնում է Fox News-ը, դերասանը մահացել է 92 տարեկան հասակում՝ բնական պատճառներով: Հոր մահվան լուրը թվիթերյան հաղորդագրությամբ հայտնել է դերասան Բեն Սթիլերը:

«Ցավով հայտնում եմ, որ հայրս՝ Ջերի Սթիլերը, հեռացել է կյանքից բնական պատճառներով: Նա հոյակապ հայր և պապիկ էր, ինչպես նաև 62 տարվա նվիրված ամուսին Էննի (դերասանուհի Էնն Միրա՝ Tert.am) համար: Մենք նրան շատ կկարոտենք: Սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել է Բեն Սթիլերը սոցցանցում: