«Հետևեք՝ ինչով են զբաղված քաղաքական գործիչները համավարակի ֆոնին. անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրեք նրանց վրա». Յուվալ Նոյ Հարարի
Իսրայելացի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» եւ «21 դաս XXI դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին UNESCO Courier-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է աշխարհում թիվ մեկ թեմայի՝ կորոնավիրուսային համավարակի և դրանից բխող բազմաթիվ ենթահարցերի շուրջ:
«COVID-19-ը սոսկ առողջապահական ոլորտի ճգնաժամ չէ: Այն նաև ահռելի տնտեսական և քաղաքական ճգնաժամ է: Եվ այս համատեքստում ինձ ավելի շատ ոչ թե վիրուսն է վախեցնում, այլ մարդկության ներքին «դևերը»՝ ատելությունը, ագահությունն ու տգիտությունը: Եթե մարդիկ համավարակի համար մեղադրում են օտարերկրացիներին ու փոքրամասնություններին, եթե ագահ գործարարները մտահոգվում են սոսկ իրենց եկամտի մասին, եթե մարդիկ հավատում են ամեն տեսակի դավադրության տեսություններին, ապա համավարակի հաղթահարումն անհամեմատ ավելի բարդ կլինի: Իսկ հաղթահարումից հետո մենք կապրենք ատելությամբ, ագահությամբ և տգիտությամբ թունավորված մի աշխարհում: Սակայն եթե տեղի ունենա հակառակը, և մենք համավարակին արձագանքենք գլոբալ համերաշխությամբ և բարեսրտությամբ, եթե ավելի շատ վստահենք գիտությանը, այլ ոչ թե դավադրության տեսություններին, ապա վստահաբար ոչ միայն կհաղթահարենք այս ճգնաժամը, այլև դրանից առավել ուժեղացած դուրս կգանք»,-մեկնաբանել է գիտնականը:
Հարարի համոզմամբ` կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու հարցում չափազանց կարևոր է համագործակցությունը, վարակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներով փոխանակումը:
«Այս հարցում համագործակցության բոլոր տեսակներից կարևորագույնը տեղեկությամբ կիսվելն է, քանզի առանց ճշգրիտ տվյալների հնարավոր չէ որևէ բան անել, բուժող դեղամիջոցներ, պատվաստանյութ ստեղծել: Եվ նույնիսկ մարդկանց մեկուսացումը կախված է ճշգրիտ տեղեկությունից. եթե չգիտես՝ ինչպես է հիվանդությունը տարածվում, ինչպես կկարողանաս մարդկանց արդյունավետ կարանտինային ռեժիմում պահել»,-նշել է Հարարին:
Բացի այդ, գիտնականն իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ վերջին տարիներին ավտորիտար և պոպուլիստ քաղաքական գործիչները փորձում են խարխլել հանրության՝ գիտության նկատմամբ վստահության հիմքերը՝ իրենց հետևորդներին համոզելով, որ գիտնականները ժողովրդից տարանջատված գոռոզ էլիտա են և որ պետք չէ հավատալ կլիմայական փոփոխությունների և պատվաստումների հետ կապված նրանց ասածներին:
«Սակայն այժմ յուրաքանչյուրի համար պետք է որ ակնհայտ լինի՝ որքան վտանգավոր են նման պոպուլիստական կոչերը: Ճգնաժամի պայմաններում հարկավոր է, որպեսզի տեղեկությունն ազատ լինի և որ մարդիկ ավելի շատ ոչ թե քաղաքական դեմագոգներին, այլ գիտական ոլորտի փորձագետներին հավատան: Lիահույս եմ, որ ճգնաժամի հաղթահարումից հետո մարդիկ կհիշեն արժանահավատ գիտական տեղեկությունների, տվյալների կարևորությունն ու կգիտակցեն, որ միայն համալսարանների, հիվանդանոցների և լրատվամիջոցների պես հզոր, անկախ ինստիտուտներ ունենալով՝ կկարողանանք մարդկանց պատմել ճշմարտությունը՝ առանց վախենալու, որ բռնապետական կառավարությունները կպատժեն դրա համար: Այն հասարակությունը, որի քաղաքացիներին հասանելի է որակյալ գիտական կրթություն և որն ունի ամուր անկախ ինստիտուտներ, շատ ավելի լավ կպայքարի համավարակի դեմ, քան տգետ բնակչություն ունեցող բռնապետական երկիրը»,-ընդգծել է Հարարին:
Գիտնականը նաև խոսել է համավարակի պայմաններում կառավարությունների կողմից մարդկանց հետևելու պրակտիկայի մասին՝ ընդգծելով, որ այսօր աշխարհով մեկ թե՛ կառավարությունների, թե՛ ընկերությունների կողմից ստեղծվում են այս նպատակին ծառայող նոր համակարգեր:
«Սա շրջադարձային կետ է, քանի որ եթե նախկինում կառավարություններն ու ընկերությունները հետևում էին ձեր գործողություններին՝ ուր եք գնում, ում եք հանդիպում, ապա նոր հսկողության դեպքում նրանք ավելի շատ հետաքրքրված են՝ ինչ է կատարվում ձեր օգանիզմում՝ ձեր առողջական վիճակը, մարմնի ջերմաստիճանը, արյան ճնշումը: Այս կենսաչափական տվյալները կառավարություններին ու ընկերություններին կարող են շատ ավելի մեծ ծավալով տեղեկություն հաղորդել ձեր մասին, քան նախկինում»,-նշել է Հարարին:
Գիտնականի համոզմամբ՝ մարդկության ապագան կախված է համավարակի ընթացքում նրա կատարած ընտրությունից:
«Երկրները կարող են ընտրել Երկրի պաշարների համար պայքարի շարունակումը, կարող են վարել եսակենտրոն և մեկուսյալ քաղաքականություն կամ էլ կարող են ընտրել գլոբալ համերաշխության՝ մյուս երկրներին օգնելու ճանապարհը: Հենց այս ընտրությունն էլ կուրվագծի ընթացիկ ճգնաժամի հետագիծն ու համաշխարհային համակարգի ապագան»,-նշել է գիտնականը:
Հարարին վերասվածը ճշմարտացի է համարում նաև տնտեսության առումով՝ բացատրելով, որ եթե ամեն մի երկիր ստեղծված իրավիճակում առաջնորդվի միայն սեփական շահերով, ապա հետևանքը կլինի համաշխարհային ռեցեսիան, որից բոլորը կտուժեն: Հարուստ երկրները՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ճապոնիան, ինչ-որ կերպ այս ամենից դուրս կգան, սակայն ավելի աղքատներն ամբողջովին կկործանվեն: Այստեղ, ըստ Հարարիի, հարկավոր է փրկության համաշխարհային տնտեսական ծրագիր:
«Այնուհանդերձ, յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություն է: Լիահույս եմ, որ այս համավարակը մարդկությանը կօգնի գիտակցել համաշխարհային պառակտվածության ներկայացրած ահռելի վտանգը: Եվ եթե համավարակն ավարտվի ավելի սերտ գլոբալ համագործակցությամբ, ապա դա կլինի ոչ միայն կորոնավիրուսի, այլև մարդկությանը սպառնող այլ վտանգների (կլիմայական փոփոխություն, միջուկային պատերազմ) նկատմամբ հաղթանակ»,-նշել է Հարարին:
Նա նաև ընդգծել է, որ ներկայում մարդկությունը ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական ճգնաժամի առաջ է կանգնած և որ ստեղծված իրավիճակում կարևոր է ամեն օր ոչ միայն վարակվածների ու զոհերի մասին տեղեկություններով հետաքրքրվելը, այլև ուշադրություն դարձնել քաղաքական զարգացումներին, անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել քաղաքական գործիչների նկատմամբ, որպեսզի վերջիններս ճիշտ որոշումներ կայացնեն:
«Քաղաքացիները պետք է ճնշում գործադրեն քաղաքական գործիչների վրա, որպեսզի նրանք գլոբալ համերաշխության ոգով աշխատեն, համագործակցեն այլ պետությունների հետ և ոչ թե նրանց մեղադրեն, ֆինանսական միջոցներն ազնիվ բաշխեն և նույնիսկ արտակարգ դրության պայմաններում պահպանեն ժողովրդավարությանը բնորոշ հավասարակշռությունը: Այս ամենն անելու ժամանակը հենց հիմա է: Ով էլ որ ընտրվի գալիք տարիներին, չի կարողանա փոխել այսօր կայացված որոշումները: Եթե 2021թ. նախագահ ընտրվի, ապա դա նման կլինի խնջույքին գալ այն ժամանակ, երբ այն արդեն ավարտվել է ու մնացել է միայն կեղտոտ ափսեները լվանալ: Եթե 2021թ. նախագահ ընտրվեք, ապա կպարզեք, որ նախկին կառավարությունը միլիարդավոր դոլարներ է հատկացրել աշխատանքային շուկային և ձեզ վրա է մնացել պարտքերի մի ամբողջ լեռ: Նախկին կառավարությունը վերակառուցել է աշխատանքային շուկան և դուք չեք կարող ամեն ինչ նորից սկսել: Նախկին կառավարությունն արդեն ներդրել է քաղաքացիների հսկման համակարգերը, որոնք արդեն չեն կարող մեկ օրում վերացվել: Ուստի՝ մի սպասեք մինչ 2021թ.: Հենց այս պահից հետևեք՝ ինչով են զբաղված քաղաքական գործիչները»,-եզրափակել է Հարարին:










