468 միլիոն ֆունտ․ Ռիհանան Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երգչուհի է ճանաչվել
Բարբադոսից հայտնի փոփ երգչուհի Ռիհանան Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երգչուհի է ճանաչվել և հայտնվել երկրում ամենաապահոված երաժիշտների ցուցակի երրորդ հորիզոնականում, հայտնում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ 32-ամյա երգչուհին իր ունեցվածքով առաջ է անցել այնպիսի երաժիշտներից, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Սթինգը, Միք Ջագերը, Ռինգո Սթարը, Էդ Շիրանը։ Ռիհանայի կարողությունը գնահատվում է 468 միլիոն ֆունտ ստերլինգ։
Երաժիշտներից ամենահարուստները շարունակում են մնալ Փոլ Մաքքարթնին և Էնդրյու Լլոյդ Ուեբերը, որոնց ունեցվածքը հասնում է մոտ 800 միլիոն ֆունտ ստերլինգի։
Նման արդյունքների երգչուհին կարողացել է հասնել իր սեփական Savage X Fenty ներքնազգեստի բրենդի, ֆրանսիական կոսմետիկ բրենդների հետ համագործակցության, ինչպես նաև ութ ալբոմի վաճառքից գոյացած եկամտի շնորհիվ։
Հիշեցնենք, որ Ռիհանան Լոնդոն է տեղափոխվել 2019 թվականի մայիսին։ Նրա խոսքով՝ իր համար շատ կարևոր է առօրյա կյանքում դուրս գալ փողոց և երկրպագուներով շրջապատված չլինել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am կայքը, բրիտանացի երգիչ, երգահան Էդ Շիրանը Մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենահարուստ երաժիշտն է ճանաչվել։
Միացյալ Թագավորության 1000 ամենահարուստ մարդկանց և ընտանիքների «Sunday Times Rich List» ցուցակի տվյալներով՝ 29-ամյա երգիչը հարստությունն ավելացրել է 40 միլիոն ֆունտ ստերլինգով՝ ընդհանուր ունեցվածքը հասցնելով 200 միլիոնի։










