Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան դիտարկում է «Օսկար-2021»-ի ամսաթիվը տեղափոխելու հնարավորությունը

12:52 • 20.05.20

Թեև «Օսկար» կինոմրցանակի հանձնման 93-րդ արարողությունը նախատեսված է 2021 թվականի փետրվարից ոչ շուտ, ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան դիտարկում է արարողության ամսաթվի տեղափոխման հնարավորությունը, գրում է Variety-ն։

Աղբյուրները, որոնք խոսել են անանունության պայմանով, հայտնել են, որ այս պահին վերջնական որոշում չկա: Ներկայում մրցանակաբաշխությունը նախատեսված է անցկացնել 2021 թվականի փետրվարի 28-ին, ABC ալիքով:

Այնուամենայնիվ, աղբյուրները հայտնել են, որ մրցանակաբաշխության հնարավոր նոր ամսաթվի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են։

Ապրիլին Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերի ցանկում կներառի նաև այն ֆիլմերը, որոնց ցուցադրությունը տեղի է ունեցել առցանց։

«Այն ֆիլմերը, որոնց ցուցադրությունն ի սկզբանե նախատեսված էր կինոթատրոններում, բայց որոնք թողարկվել են առևտրային սթրիմինգային ծառայություններում կամ VOD հարթակներում (վիդեո հարթակներ), կարող են հավակնել լավագույն ֆիլմի, հիմնական և հատուկ անվանակարգերում առաջադրվելուն»,- ասված էր հայտարարությունում։

Ավանդաբար «Օսկար»-ի անվանակարգորդ կարող էին դառնալ միայն այն ֆիլմերը, որոնք մրցանակի հանձնմանը նախորդող օրացույցային տարվա ընթացքում գոնե մեկ շաբաթ եղել են Լոս Անջելեսի ցանկացած կինոթատրոնի վարձույթում: Կանոններում փոփոխություններ կատարելու որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի պատճառով կինոթատրոնների փակման հետ։

Նշվում է, որ «Օսկար»-ի հավակնելու համար ֆիլմը թողարկման օրվանից 60 օրվա ընթացքում պետք է տեղադրվի ակադեմիայի սեփական սթրիմինգային կայքում: