Աշխարհում ամենահայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանը կորոնավիրուսի համավարակի պայմաններում անցել է առցանց վաճառքի. Bloomberg
Աշխարհում ամենահայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանը, կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով, անցել է առցանց վաճառքի, որի ընդհանուր ծավալը մարտին կարանտինային ռեժիմի սկզբից ի վեր 14 միլիոն դոլար է կազմել։ Միայն այս շաբաթ նա արդեն գնորդ է գտել, որը պատրաստ է նկարչուհի Սեսիլի Բրաունի նկարներից մեկը 5,5 միլիոն դոլարով գնել, գրում է Bloomberg գործակալությունը։
Գործակալությանը տված հարցազրույցում Գագոսյանը պատմել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում ղեկավարում է ամբողջ աշխարհով տարածված իր պատկերասրահային կայսրությունը Մանհեթենում գտնվող բնակարանից։ Նշվում է, որ Գագոսյանի բիզնեսը մոտ 300 մշտական աշխատակից ունի, 18 պատկերասրահ է ղեկավարում և 16 հազար քմ մակերեսով վարձակալած անշարժ գույք տնօրինում:
Միևնույն ժամանակ Գագոսյանը խոստովանել է, որ պատրաստ է դժվար ժամանակներին։ Լինելով հայ գաղթական ընտանիքի զավակ՝ նա 1970-ական թվականներին Լոս Անջելեսի ավտոկայանատեղիներում պաստառների վաճառքից է սկսել և ժամանակի ընթացքում հասել արվեստի ոլորտում բարձունքի։
«Հիմա դժվար է անգամ նկար տեղափոխել, բեռնատար վարձակալել, ինչ-որ մեկին ստիպել հաշվարկ անել։ Այն, ինչ արվեստի աշխարհի համար սովորական էր, հիմա արդեն խնդրահարույց է դարձել»,- նկատել է նա։
Այժմ 54 միլիարդ դոլար գնահատվող արդյունաբերությունը կոլապսի շեմին է գտնվում, քանի դեռ պատկերասրահներն ու թանգարաններն ամիսներով փակ են մնում, իսկ տոնավաճառները հետաձգվում են անորոշ ժամանակով:










