«Նա հիմար է, բացարձակ հիմար»․ Բայդենը Թրամփին մեղադրել է համավարակի ֆոնին «կեղծ տղամարդկություն ցույց տալու» համար
ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում «հիմար» է անվանել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, որը, նրա կարծիքով, կորոնավիրուսի համավարակի ֆոնին «կեղծ տղամարդկություն է ցույց տալիս»։
Հեռուստաալիքի լրագրողը նշել է, որ ավելի վաղ հիշատակի օրվա արարողության ժամանակ Թրամփը եղել է առանց դիմակի, մինչդեռ Բայդենը դիմակ և ակնոց է կրել: Նա հավելել է, որ ավելի ուշ ԱՄՆ ղեկավարը Twitter-ում կիսվել է Բայդենի լուսանկարով և կարծիք հայտնել, որ Թրամփն այդ կերպ փորձել է «նսեմացնել» իր քաղաքական ընդդիմախոսին՝ դիմակ կրելը թուլության նշան համարելով։
«Նա հիմար է, բացարձակ հիմար։ Նախագահները պետք է ղեկավարեն, այլ ոչ թե զբաղվեն հիմարություններով և ցույց տան կեղծ տղամարդկություն։ Դա մարդկային կյանքեր է արժենում»,- ասել է Բայդենը հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Fox News-ի քաղաքական վերլուծաբան Բրիտ Հյումը Twitter-ում տեղադրել էր Բայդենի ակնոցով և դիմակով լուսանկարը գրելով՝ «Բայդենն այսօր» ։ Թրամփը կիսվել է լրագրողի գրառմամբ, սակայն իր մեկնաբանությունը չի ավելացրել:










