Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը, Վրաստանն իրեն դրսևորեց գերազանց. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

21:42 • 27.05.20

«Չոր փաստեր, առանց գնահատականի: Մեկ օրում ունենք 372 նոր վարակակիր, և 35 բուժված: Այսինքն՝ 11 անգամ ավելի վարակակիր, քան բուժված»,- «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը:

Շարունակելով թեման՝ հեռուստամեկնաբանը նկատել է, որ մի քանի օր առաջ պաշտոնյաները հայտնեցին, որ ռեանիմացիոն տեղերն ավելանում են և պատրաստ պետք է լինենք վատագույն սցենարի: Նա նաև մեջբերել է Ռազմ.ինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրդանեսյանի՝ վերջերս «Ֆեյսբուքում» հրապարակված մի վիճակագրություն: 

«Փաստորեն՝ Վրաստանին այս ցուցանիշով գերազանցում ենք 13,5 անգամ: Չոր թիվ՝ մեկ օրում մահացել է 12 վարակված։ Վրաստանում ԱՄԲՈՂՋ համաճարակի ընթացքո՛ւմ է այդքան մարդ մահացել: Ապրե՛ն մեր հարևանները, որ կարողացան նվազագույնի հասցնել մարդկային կորուստները, ինչպես ասում են՝ հալալ է»,-ասել է Աբրահամ Գասպարյանը՝ հավելելով, որ երբեք չի տառապել օտարի օրինակը գերագնահատելու բարդույթով, սեփականն էլ՝ ազգայինը, թերագնահատելու հիվանդությամբ, բայց օբյեկտիվ ու ռացիոնալ դատողությունը չէր խանգարի ավելի լուրջ ընկալելու վիճակը, որում հայտնվել է Հայաստանը:

«Մենք ու վրացիք՝ դարավոր հարևաններ ենք, բարեկամներ, ունենք համատեղ պատմություն, փայլուն ու վատ, ինչպես բոլորը: Միջազգային հարաբերությունները մի օրվա համար չե՛ն, հարևանը՝ առավել ևս: Որքան էլ քեզ համար անպատվաբեր լինի ընդունել փաստը, որ հարևանդ ավելի լավ մեքենա է քշում, պիտի ընդունես, որ դա քո՛ ձախողումն է, ոչ թե ճակատագի՛րն է մեղավոր, որ հարևանդ գիշեր ու զօր աշխատել է և հասել արդյունքի, իսկ դու՝ ոչ»,- հաղորդման ընթացքում նշել է հեռուստամեկնաբանը, նաև նկատելով, որ որոշ պաշտոնյաներ գործ անելու փոխարեն՝ ամբողջ օրը ֆեյսբուքյան բեսետկայում անհոդաբաշխ մտքեր են արտահայտում, բոլորին ձեռ առնում, այդքանը հերիք չէ, մի հատ էլ, ձեռքի հետ, հարևանին են վիրավորում:

«Վրաստանը, այո, իրեն գերազա՛նց դրսևորեց՝ գիտելիքը, փորձը, հաշվարկը, օրենքը… ներդաշնակ ու զուգահեռ գործեցին և արդյունքը եղավ այն, որ Իտալիայի պես պետությունը փորձում է հենց Վրաստանի՛ց օրինակ վերցնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Իսկ ինչու՞ մենք հարկ չենք համարում այդպես վարվել, ինչու՞ ենք շարունակում Մուրադի հպարտությամբ նայել այս ամենին, ինչու՞ ենք շարունակում ապակողմնորոշել մեր քաղաքացուն»,- ասել է Աբրահամ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ մի շաբաթում կամ տասնօրյակում՝ պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, իրարամերժ հայտարարություններ են արել, հետո ակնկալել քաղաքացուց՝ կարգապահ լինել:

«Հետաքրքիր է՝ ունե՞նք մենք առողջապահական մենեջմենթ՝ ճգնաժամի պայմաններում: Կարծում եմ՝ ոչ: Ինչո՞ւ չունենք՝ պաշտոնապես պատասխան չկա, բայց ենթադրում եմ, որ Պարետատունն ամբողջությամբ չի օգտագործում մեր առողջապահական համակարգի ներուժը, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան: Չեմ ուզում հավատալ, որ գնացքն արդեն գնացել է, որ այսքանը չեն գիտակցում առողջապահական համակարգում: Գիտեմ, որ մեր նվիրյալ բժիշկները չեն քնում՝ հավելյալ մեկ մահ կանխելու համար»,-ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



«Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ամբողջական տարբերակը դիտեք ստորև: