Վրաստանում ընդդիմադիր «Փոփոխություն» շարժումը խորհրդարանի մոտ արյունոտ ձեռքերի հետքերով է դիմավորել Գախարիային
Վրաստանում ընդդիմադիր «Փոփոխություն» շարժման անդամները մայիսի 27-ին հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և մուտքին կարմիր ներկով արյունոտ ձեռքերի հետքեր թողել՝ այդպիսով դիմավորելով երկրի վարչապետ Գիորգի Գախարիային: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Շարժման անդամների խոսքով՝ ակցիան ուղղված է 2019 թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների հիշատակմանը:
«Մոտենում է հունիսի 20-ը, և Գախարիան պետք է հիշի, որ ինքն ու Բիձինա Իվանիշվիլիի շրջապատը չեն ներվելու իրենց` վրաց երիտասարդության դեմ արված քայլերի համար: Նրանց ձեռքերը ներկված են երիտասարդների արյամբ»,-ասել է շարժման մասնակիցներից Նիկա Փարուլավան:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո ընդդիմությունն ու քաղաքացիները զանգվածային բողոքի ցույցեր էին սկսել խորհրդարանի շենքի առաջ, որոնք վերաճել էին ոստիկանության հետ բախումների: Բախումների հետևանքով 240 մարդ տուժել էր, 305-ը՝ ձերբակալվել: Վրացի քաղաքացիների զայրույթը հարուցել էր այն հանգամանքը, որ Գավրիլովը ելույթ էր ունեցել երկրի խորհրդարանի խոսնակի աթոռից:










