Թրամփը New York Times-ին կրկին կոչ է արել վերադարձնել «ստի» համար ստացած Պուլիտցերյան մրցանակները

11:19 • 27.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում New York Times թերթին մեղադրել է աղբյուրների կեղծման համար և խմբագրությանը կրկին կոչ է արել վերադարձնել Ռուսաստանի մասին քննադատական հոդվածաշարի համար ստացած հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակները։

«Ձախողված New York Times-ը, որը Պուլիտցերյան մրցանակի հաղթող է Ռուսաստանի կողմից «վհուկների անօրինական որսը» ամբողջովին սխալ լուսաբանելու համար, իր հետաքննություններն անցկացնում է հետևյալ կերպ. մտածեք ամենավատը, ինչ կարող եք ասել Դոնալդ Թրամփի մասին, ձևացրեք, որ կան աղբյուրներ և գրեք։ Վերադարձե՛ք մրցանակները»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան The New York Times թերթի լրագրողները Պուլիտցերյան մրցանակի են արժանացել Ռուսաստանի մասին քննադատական հոդվածների համար: Նրանք «Միջազգային Ժուռնալիստիկա» անվանակարգում մրցանակ են ստացել մի շարք հոդվածների համար, որոնք «մերկացնում են Վլադիմիր Պուտինի ռեժիմի գործողությունները»:

«Դա խայտառակություն է, քանի դեռ նրանք հետ չեն տվել այդ մրցանակը»,-ավելի վաղ հայտարարել էր Թրամփը: Նա նշել էր, որ մրցանակը հանձնվել է «ստի» համար։