Մի մոռացիր՝ որտեղից ես դու և ով ես, այդպես ժողովրդի հետ չեն խոսում․ Սուրեն Բագրատունին՝ Նարեկ Հախնազարյանին

20:30 • 27.05.20

Քո ժողովրդին մասին այդպես խոսելը մեղք է։ Չի կարելի, լավ մտածի մինչ նման արտահայտություններ անելը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում ասաց աշխարհահռչակ թավջութակահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Սուրեն Բագրատունին՝ անդրադառնալով մեկ այլ հայ թավջութակահար՝ Նարեկ Հախնազարյանի հայտարարություններին։

«Անկեղծ ասած ես խորը վշտացել եմ ոչ միայն նրանից, ինչը լսել եմ, այլ տոնից, որով այդ ամենը արտահայտվել էր։ Ընդհանրապես այդ թեման չպետք է արվեստագետի հետաքրքրությունն առաջացնի, արվեստագետը չպետք է խոսի այն մասին, որ կառավարությունն ամեն ինչ արել է, բայց ժողովուրդը․․․ այնպիսի վատ բառեր է օգտագործել, որ չեմ կարողանում թարգմանել, մոտավորապես՝ հիմարներ, տգետ ամբոխ։ Քո ժողովրդին մասին այդպես խոսելը մեղք է։ Չի կարելի, պետք է հասկանաս և զգաս քո ժողովրդին»,- ասաց Սուրեն Բագրատունին։

Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ հայ ազգի զգալի մասին ամոթանք է տալիս և անվանում է «բառադի», «դավաճան»՝ նրանց մեղադրելով համավարակի տարածման տեմպերն արագացնելու մեջ:

Սուրեն Բագրատունու կարծիքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերի, ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ թե ժողովուրդն է, այլ Կառավարությունը։

«Ժողովուրդը մեղավոր չէ։ Ես անձամբ կարծում եմ, որ վարչապետը չպետք է իրեն վերագրեր Աստծո անելիքները, այլ պետք էր վստահել համապատասխան ծառայություններին։ Իսկ համապատասխան ծառայությունները պետք է կոմպետենտ լինեին։ Հիմա ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան կոտրված է և չի աշխատում, իսկ ի՞նչ մեղավոր է այստեղ ժողովուրդը։ Կարելի էր ընտրել առավել լավ բառեր և լավ արտահայտչաձև՝ սեփական ժողովրդին դիմելու համար։ Մի մոռացիր՝ որտեղից ես դու և ով ես, այդպես ժողովրդի հետ և ժողովրդի մասին չեն խոսում։ Չի կարելի է, դա շատ-շատ վիրավորական է»,- նշեց Սուրեն Բագրատունին։

Նա նաև խոսեց դիմակների գների մասին՝ նկատելով, որ հայաստանցիների համար դժվար է այդքան գումար տրամադրել դիմակների ձեռքբերմանը։

«Ինձ և քեզ համար 300-400 դրամը գումար չէ, բայց Հայաստանում ապրող մարդկանց համար, որոնք երբեմն չեն կարողանում հաց գնել և կերակրել երեխաներին, դա գումար է։ Բացի այդ, սպիտակի վրա սևով գրված է, որ այդ դիմակները չեն պաշտպանում կորոնավիրուսից։ Ես ցանկանում եմ, որ այս ամենը մնա անցյալում, և հայ ժողովուրդն ամեն դեպքում, այդ թվում ես և դու, Նարեկ, սկսենք բարգավաճել և անել ամենը այդ ֆանտաստիկ երկրի համար, որը 100 անգամ ավելի լավն է ցանկացած Շվեյցարիայից և Ավստրիայից»,- ասաց Սուրեն Բագրատունին։

Մանրամասները՝ տեսանյութում: