«Խորհրդարանական մեծամասնության կողմից նախաձեռնվող՝ ՍԴ-ի հետ կապված հավերժական գործընթացը հիշեցնում է կոկա-կոլայի հայտնի գովազդը՝ կրկին փորձիր». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
Խորհրդարանական մեծամասնության կողմից նախաձեռնվող Սահմանադրական դատարանի հետ կապված հավերժական այս գործընթացը ինձ մոտ կոկա-կոլայի շատ հայտնի գովազդի տրամաբանությունն է հիշեցնում, որտեղ նշվում էր՝ կրկին փորձիր: Այս մասին խորհրդարանում հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Հերթական անգամ խորհրդարանում քննարկում ենք ՍԴ-ի հետ կապված հարցը: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ կյանքի ու մահվան գնով խորհրդարանական մեծամասնության ջանքերով նախաձեռնվեց Սահմանադրական հանարքվե անցկացնելու հարցը, ֆիքսվեց օրը և պայմանավորված արտակարգ դրությամբ՝ հետաձգվեց: Այսօր դուք փորձում եք մեզ ապացուցել, որ սա ապագային միտված նախաձեռնություն է և այս նախաձեռնությունը չի տարածվում ապրիլի 5-ին նշված հանրաքվեի վրա, սակայն, ինչպես դասականն էր ասում, չեմ հավատում, որովհետև եթե այդպես է, այս նախագիծը կարող էիք ներկայացնել այս հանրաքվեի անցկացումից հետո»,- ասաց նա:
Տոնոյանը դիմեց նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ով էլ ասաց, որ վերջինս իր զեկույցի ժամանակ սահուն շրջանցեց այն հանգամանքը, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ շեշտակիորեն ՍԴ-ի լիազորությունների շրջանակը նեղացվում է, մասնավորապես, անփոփոխելի հոդվածների մասով:
«Այստեղ կան բազմաթիվ հարցականներ և լավ կլիներ, որ քննարկելու ավելի երկար ժամանակահատված ունենայինք, ոչ թե հապճեպ քննարկեինք և անգամ հիմնական զեկուցողներին հարցեր ուղղելու հնարավորությունից զրկված լինեինք: Ես հորդորում եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունն ավելի լուրջ մոտեցում ցուցաբերի իր իսկ նախաձեռնություններին, հակառակ դեպքում նորից բախվելու ենք կոկա-կոլայի գովազդի տրամաբանությանը և դուք պարբերաբար ստիպված եք լինելու կրկին փորձելու»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը:










