Twitter-ն առաջին անգամ Թրամփի գրառումներն ընդգծել է հատուկ նշումով՝ մատնանշելով դրանց «հնարավոր ապակողմնորոշող լինելը» (լուսանկար)
Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումների ներքևի հատվածում, որտեղ նա հայտարարել է, որ փոստով քվեարկությունը զգալի կեղծիքների է հանգեցնում, տեղեկատվության հնարավոր անարժանահավատության մասին ավտոմատ նշում է հայտնվել, գրում է CNN-ը։
Կիրակի ԱՄՆ-ի առաջնորդը Twitter-ում գրել էր, որ դեմոկրատները, փոստով քվեարկություն կազմակերպելով, փորձում են պայմաններ ստեղծել ընտրություններում խարդախությունների համար:
«Փոստային քվեաթերթիկները կբացվեն, քվեաթերթիկները կեղծվելու են և նույնիսկ ապօրինաբար տպվելու և ստորագրվելու են»,-գրել է Թրամփը:
Նա քննադատել է փոստով քվեարկության գործընթացը՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում նահանգի բոլոր ընտրողներին փոստով քվեաթերթիկներ ուղարկելու մտադրության ֆոնին։
Թրամփի երկու հաղորդագրություններն ուղեկցվում են հատուկ նշումով՝ բացականչական նշանով և «Ուսումնասիրեք փոստային քվեարկության մասին փաստերը» գրությամբ։
Ոչ հավաստի տեղեկությունների մասին նշումներին ի պատասխան ԱՄՆ նախագահը Twitter-ին մեղադրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։
«Twitter-ն այժմ միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին։ Նրանք ասում են, որ փոստով քվեարկության վերաբերյալ իմ հայտարարությունը, որը կարող է հանգեցնել զանգվածային կոռուպցիայի և կեղծիքի, սխալ է՝ հիմնվելով CNN-ի և Washington Post-ի կեղծ լուրերի կողմից անցկացված տեղեկատվության ստուգման վրա: Twitter-ն ամբողջությամբ ճնշում է խոսքի ազատությունը, և ես, որպես նախագահ, թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա», - հայտարարել է նա։











