«Կոյուղաջրերը լցվել են տները, լրիվ անտերության է մատնված, մեկը չկա ղեկավար անձանցից, որը կցավա քաղաքի համար»․ Արմավիրի բնակիչներ (տեսանյութ)
Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի հարակից հատվածում կոյուղին խցանվել է և կոյուղաջրերը լցվել են շենքերի նկուղներ։ Բնակիչները դիմել են քաղաքապետարան, որտեղից նրանց ուղղորդել են «Վեոլիա ջուր», քանի որ ընկերությունն է քաղաքի ջրագծերի և կոյուղագծերի սպասարկումն իրականացնում։
«Քաղաքապետին զանգեցինք, չեկավ, ճարտարապետին ուղարկեց։ Քաղաքապետարանից ասում են, որ խնդիրը պետք է կարգավորի «Վեոլիա ջուր» ընկերությունը, սլաքներն ուղղում են «Վեոլիայի» վրա։ Նախկինում «Ակունքն» էր սպասարկում, նորմալ էր, երբ զանգում էինք, գալիս էին, լուծում էին խնդիրը։ Իսկ «Վեոլիա ջուրն» ուղղակի զանգերին չի պատասխանում։ Շենքը պրոբլեմներ շատ ունի, նկուղները հիմա ջրով լի են, որովհետև կոյուղաջրերն ամբողջությամբ հոսում են այդտեղ, շքամուտքից հոտը գալիս է, մտնել չի լինում։ Նախորդ տարի մարդ ենք կանչել, սարքել ենք տվել, բայց նորից ջուրը լցվում է նկուղը»,- ասաց բնակիչներից մեկը։
Նրանց խոսքով՝ կոյուղաջրերից բացի, 3 տարի է նաև ջրահեռացման համակարգի խնդիր կա․ «Շատ վատ վիճակ է, ամեն անձրևից հետո հնարավոր չի լինում շարժվել։ Վենետիկից մի քիչ է տարբերվում։ Արմավիր քաղաքը լրիվ անտերության է մատնված, տեր կանգնող չկա։ Մեկը չկա ղեկավար անձ, որը կցավա քաղաքի համար»։
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց ջրագծերը և կոյուղագծերի սպասարկումն ամբողջությամբ իրականացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը․ «Արմավիրում ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի սպասարկումը «Վեոլիա ջուր»-ն է իրականացնում։ Այո, երեկ խնդիր է եղել, երբ կոյուղին խցանվել է, և կոյուղաջրերը լցվել են շենքերի նկուղներ, քաղաքաշինության բաժնի պետը տեղում է եղել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Չարենցի փողոցի և շենքերի բակերի ասֆալտապատման խնդրին, Դավիթ Խուդաթյանը նշեց․ «Չարենցի փողոցի հատվածը, որն անցնում է շուկայով, խոսքը Երևանյան-Շահումյան հատվածի մասին է, սուբվենցիոն ասֆալտապատման ծրագրի շրջանակում է։ Ասֆալտապատվելու է նաև 12 շենքի բակային տարածք, որի մեջ սակայն ձեր նշած շենքերը չեն մտնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։










