Պարեկային ծառայության անցնելու դեպքում միայն Երևանում ավելի քան 300 ոստիկան կմնա առանց աշխատանքի․ փոխնախարարը վստահեցրեց՝ նրանց այլ աշխատանքի կտեղավորեն
Երևանում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021 թ․ առաջին եռամսյակն է: Այս մասին ԱԺ նիստում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե փոփոխություններից հետո ոստիկանության քանի՞ աշխատակից կմնա առանց աշխատանքի, փոխնախարարը նշեց. «Թվերը հետևյալն են՝ պարեկապահակակետային ծառայությունը Երևանի մասով շարային ծառայողների թիվը 840 է, Ճանապարհային ոստիկանության առաջին շարային գումարտակը, որը Երևանն է ծածկում 233 է, այսինքն՝ նրանց համատեղ թիվն անցնում է հազարից: Նոր պարեկային ծառայության դեպքում Երևանում շարային ստորաբաժանումների թիվը նախատեսում ենք, որ կլինի 700: Այսինք՝ հենց 700 հոգու ենք պատրաստելու՝ չհաշված վարչակարգը»,- ասաց նա:
Գրիգորյանի խոսքով՝ ոստիկանության այն ծառայողները, որոնք չեն անցնի մրցույթը, կամ իրենք չեն ցանկանա անցնել նոր ծառայության, նրանց առաջարկվելու է այլ ծառայություններում աշխատանք:










