ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթի դաժան սպանությունից հետո «քաոսային» անկարգություններ են սկսվել. կա 1 զոհ (լուսանկարներ, տեսանյութ)

11:25 • 28.05.20

Ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության աշխատակցի կողմից սևամորթ իրավախախտի դաժան սպանության դեպքի հետ կապված բողոքի ցույցերի ընթացքում նախօրեին սպանության դեպք է գրանցվել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ բողոքի ցույցերը չորեշքաբթի գիշերը քաոսի են վերածվել, դրա մասնակիցները դուրս են քաղաքի փողոցներ, ներխուժել են խանութներ ու անկարգություններ արել։ Սպանության հիմնական վարկածի համաձայն՝ ցույցի մասնակիցը ներխուժել է գրավատուն, իսկ դրա տերն էլ, կարծելով, թե նա գող է, կրակ է բացել վերջինիս վրա։

Մինեապոլիս շրջանի գլխավոր ոստիկան Ջոն Էլդերի խոսքով՝ բժիշկներն ամեն բան արել են տղամարդու կյանքը փրկելու համար, սակայն դա հնարավոր չի եղել։ Ոստիկանությունը դեռևս հետաքննություն է իրականացնում դեպքի մանրամասները բացահայտելու համար։

Նշվում է, որ բողոքի ցույցերի ժամանակ վնասվածքներ են ստացել նաև մի շարք քաղաքացիներ ու ոստիկանական աշխատակիցներ, բողոքարարները թալանել են մի շարք խանութներ, այրել են մեքենաներ։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցերը կապված են նախօրեին սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած՝ բողոքողներն այժմ պահանջում են խստագույնս  պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։