Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հունիսի 25-ին
Փարիզի Էյֆելյան աշտարակը, որը մոտ երեք ամիս փակ է եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով, այցելուների համար կբացվի հունիսի 25-ին, սակայն տեսարժան վայր այցելելիս դիմակի կրումը պարտադիր կլինի:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ ֆրանսիական մայրաքաղաքի գլխավոր զբոսավայրերից մեկն այցելուների չի ընդունել մարտի 13-ից սկսած:
«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ավելի քան երեք ամիս փակ մնալուց հետո, որն ամենաերկարատևն էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր, Էյֆելյան աշտարակը հանրության համար կրկին կբացվի 2020թ.-ի հունիսի 25-ին», -ասվում է աշտարակի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Այցելուների և աշխատակիցների անվտանգության համար խիստ սանիտարական միջոցառումներ կիրականացվեն, մասնավորապես՝ դիմակի կրումը պարտադիր կլինի 11 տարեկանից բարձր բոլոր այցելուների համար: Տոմսերը ձեռք բերել հնարավոր կլինի համացանցում, որպեսզի խուսափեն տոմսարկղի մոտ հերթի գոյացումից:











