Մահացել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի աստղ Իեն Հոլմը (լուսանկարներ)
Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մահացել է բրիտանացի դերասան, ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» եռապատումներում իր դերակատարմամբ հայտնի դերասան Իեն Հոլմը, հաղորդում է The Guardian-ը։
88-ամյա դերասանը մահացել է Պարկինսոնի հիվանդությունից։
«Մեծ վշտով հայտնում ենք, որ այսօր 88 տարեկան հասակում մահացել է դերասան սըր Իեն Հոլմը»,- հայտնել է դերասանի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ նա մահացել է հարազատների և ընտանիքի անդամների շրջապատում։
«Հմայիչ, բարի և աներևակայելի տաղանդավոր։ Մենք նրան կկարոտենք»,- ընդգծել է դերասանի ներկայացուցիչը։
Իէն Հոլմը BAFTA և «Թոնի» թատերական մրցանակի դափնեկիր է։ Նկարահանվել է ավելի քան 110 դերերում, որոնցից առանձնանում են հետևյալները՝ «Օտարը» (1979), «Ժամանակի ավազակները» (1981), «Բրազիլիա» (1985), «Հինգերորդ տարրը» (1997), «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարը։
1998 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Հոլմին ձեռնադրել է ասպետ և նրան արքունական կոչում տվել՝ դրամայի զարգացման մեջ ներդրումների համար։












