Սերբիայում կարանտինի խստացման դեմ բողոքող ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել. Reuters (տեսանյութ)

02:51 • 08.07.20

Սերբիայում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների խստացման դեմ բողոքող մի խումբ ցուցարարներ մայրաքաղաք Բելգրադում խորհրդարանի շենք են ներխուժել:

Reuters-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով ստիպված են շաբաթվա վերջում մայրաքաղաք Բելգրադում խստացնել հակահամաճարակային սահմանափակումներն, այդ թվում՝ արգելափակել քաղաքը:

Նախագահ Վուչիչի այս հայտարարությունից հետո հազարավոր դժգոհ քաղաքացիներ Բելգրադի կենտրոնական հրապարակում են հավաքվել՝ երկրի խորհրդարանի դիմաց: Նրանք վարակի տարածման համար երկրի իշխանություններին են մեղադրում՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում ևս մեկ անգամ մայրաքաղաքի արգելափակման պատճառով ահռելի վնասներ կրել:

Որոշ ժամանակ անց ցուցարարների մի խումբ, ճեղքելով հսկող ոստիկանական պատնեշը, կոտրել է խորհրդարանի մուտքի դուռն ու շենք ներխուժել, բայց րոպեներ անց ոստիկանական ուժերը նրանց դուրս են բերել այդտեղից:

Ցուցարարների շրջանում նախագահի հրաժարականի կոչեր են հնչել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ հեռացնելով ցուցարարներին խորհրդարանի շենքից:

7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 16 168 դեպք է գրանցվել, մահացել է 330 մարդ: Թվերը, սակայն, գնալով աճում են, և վերջին մեկ օրում վարակման 299 և մահվան 13 նոր դեպք է գրանցվել: