Ֆրանսիայում ձերբակալվել է Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի միտումնավոր հրկիզման համար կասկածվող տղամարդը

12:04 • 26.07.20

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի միտումնավոր հրկիզման համար կասկածվող տղամարդուն, որը տաճարում որպես կամավոր էր աշխատում, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ 39-ամյա ռուանդացուն միտումնավոր հրկիզման մեղադրանք է ներկայացրել:

Հայտնի է, որ տղամարդը ձերբակալվել և հետո ազատ էր արձակվել անցած շաբաթ: Սակայն հետաքննության ընթացքում նոր մանրամասների ի հայտ գալուց հետո նրան կրկին ձերբակալելու անհրաժեշտություն է առաջացել:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկում, որի հետևանքով անգին մասունքներ են ոչնչացվել, ավերվել է երգեհոնը և արևելյան ճակատամասի ապակենկարը:

Տաճարում բռնկման երեք օջախ էր հայտնաբերվել, սակայն ներխուժման հետքեր չէին նկատվել: Այժմ դիտարկվում է շենքի հրդեհման վարկածը:

Նանտի տաճարը կացուցվել է 1434-1891 թվականներին: Այն ընդամենը վեց մետրով է ցածր Փարիզի Աստվածամոր տաճարից, որում հրդեհ էր բռնկվել անցած տարվա ապրիլին:

Ֆրանսիայի իշխանությունները կստանձնեն Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի վերականգնման ծախսերը: