Վանաձորի դրամատիկական թատրոնում արտակարգ դրության ընթացքում հետաձգվել է շուրջ 50 ներկայացում, սակայն թույլատրվել է 10 հոգու մասնակցությամբ փորձեր անել. թատրոնի տնօրեն
Ինչպես Հայաստանյան բոլոր թատրոններում, մեզ մոտ նույնպես մարտի 13–ից հետո հայտարարված բոլոր ներկայացումները վախենում եմ ասել չեղարկվեցին, ցանկանում եմ ասել՝ հետաձգվեցին, բայց չգիտեմ՝ երբ կբացվենք, երբ կունենանք ներկայացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը:
Սահակյանի խոսքով՝ յուրաքանչյուր ամիս նախատեսված է եղել 8-10 ներկայացում: Թատրոնն ունի 100 հաստիք:
Ինչ վերաբերում է արտակարգ դրության 5 ամսիների ընթացքում թատրոնի գործունեությանը, տնօրենը նշեց, որ ամբողջ ժամանակահատվածը օգտագործել են առցանց հեռարձակումներ իրականացնելու համար՝ այդ կերպ փորձելով գոնե կապը պահել հանդիսատեսի հետ: «Չգիտեմ՝ դա ուրախություն համարեմ, թե ոչ, բայց դիտումների թիվը մեր սպասելիքները գերազանցել են:
Հանդիսատեսը կարոտել է թատրոնը, ցավ է, որ չի կարողանում գալ: Առցանց հեռարձակումների արձագանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հանդիսատեսն ասում է՝ շուտ բացեք մենք թատրոն ենք ուզում, մենք ներկայացում ենք ուզում»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Նա ընդգծեց՝ թատրոնի և հանրության կապը եղել է անընդհատ: «Թատրոնի ֆեյսբուքյան էջով, յութուբյան ալիքով նաև «Ֆորտունա» հեռուստաընկերության հետ իրականացրել ենք համատեղ ծրագրեր, ցուցադրել ենք մեր՝ արդեն գոյություն ունեցող ներկայացումները, նաև այս պահին բավականին հետաքրքրիր գործ ենք անում՝ հեռուստաներկայացման ադապտացիոն տարբերակ ենք մշակում:
Դա թատերական խաղ է լինելու, որը զուգակցված է ժամանակակից տաղավարային նկարահանման հետ: Ոչ այն է ֆիլմ է, ոչ այն է ներկայացում է, որովհետև ավելի շատ թատրոն է, ավելի շատ թատերայինն է պահպանված, բայց ֆիլմի տեխնիկայով է արվում»,- պարզաբանեց թատրոնի ղեկավարը:
Հարցին՝ մոտակա հեռանկարում կա՞ դրված թատրոնների վերաբացման հարց, նա ասաց, որ կարծում է՝ մոտ ապագայում բացօթյա ներակայացում կունենան: ««Արմ մոնո» փառատոնը պետք է լինի օգոստոսի մեկից տասը, որքան հասկացա թույլտվությունը կա: «Արմմոնոն» հյուրընկալվելու է նաև Վանաձորում, որտեղ երկու ներկայացում ունենք»,- նշեց նա:
«Չէր կարելի թողնել, որ դերասանը երկար ժամանակով անգործ լինի, այս իմաստով բավականին արդյունավետ էր համագործակցությունը վերադաս կառույցի, գերատեսչության հետ: Բոլոր թատրոնները խնդրեցին, որ գոնե փորձերի կարգով լինի համապատասխան թույլտվություն և մինչև 10 հոգու զբաղվածությամբ թատրոններին թույլատրվեց իրականացնել փորձեր: Բոլոր դեպքերում սա անհրաժեշտ էր դերասանի լավ մարզավիճակը պահպանելու համար»,- նկատեց նա:
Թատրոնի ղեկավարի խոսքով՝ քանի որ իրենց թատրոնը պետական է, աշխատակազմը ֆինանսական խնդիրների առաջ չի կանգնել:
«Դերասանները և թատրոնի ամբողջ աշխատակազմը վճարվել է, աշխատավարձային որևէ խնդիր չենք ունեցել և կարծում եմ՝ մինչև տարեվերջ էլ չենք ունենա, բայց, բոլոր դեպքերում, ինչպես Հայաստանյան բոլոր թատրոնները, այնպես էլ Վանաձորի թատրոնը արտակարգ դրության ժամանակահատվածում ամբողջ ընթացքում եկամուտ չի ունեցել և դա բնական է»,- ասաց նա:
Նա նշեց, որ մեկ շատ հետաքրքիր նախագիծ են անում, բացօթյա ներկայացում են պատրաստում. «Որովհետև այլ բան է արդեն գոյություն ունեցող ներկայացումը հարմարեցնել բացօթյայի պահանջներին և այլ բան է, երբ ներկայացումը ստեղծվում է հենց բակի համար: Այս իմաստով թատրոնի գեղարվեստական ղեկավարը նախաձեռնել է Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» բեմադրել: Հատկանշական է, որ Վանաձորում կա Ստեփան Զորյանի տուն-թանգարան և մեր համագործակցությունը համայնքային իշխանությունների և թանգարանի հետ այդ իմաստով արդյունավետ է լինելու: Ներկայացումը պետք է լինի հենց Զորյանի խնձորի այգում: Դա նախատեսվում է օգոստոսի 15-ին իրականացնել մոտավորապես մինչև 40 հանդիսատեսի համար, բնականաբար, պահպանելով պարետի բոլոր ցուցումները՝ ախտահանում, սոցիալական հեռավորություն և այլն»:
Նա նշեց, որ երեխանների համար ունեն հետաքրքիր անակնկալներ, բացօթյա ներկայացումներ են սպասվում և վերջում հավելեց. «Ինչքան շուտ ասեն՝ բացե՛ք դռները, այնքան լավ, բոլորիս համար դա կլինի ամենասպասված լուրը»:










