Ինչո՞ւ բարձրացնել աղմուկ, երբ քո ձայնը լսելի է, ես սկսում եմ այստեղ ուրիշ դրդապատճառներ տեսնել․ հանրակրթության չափորոշիչ կազմող խմբի անդամը՝ գրականագետների կարծիքների վերաբերյալ

21:42 • 30.07.20

Իմ կարծիքով իմ ստեղծագործությունը չպիտի ընդգրկվեր ծրագրում, քանի որ ես ընդգրկված եմ չափորոշիչներ կազմող խմբում։ Այս մասին Tert. am-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հանրակրթության պետական առարկայական չափորոշիչներ կազմող խմբի անդամ, արձակագիր Գրիգը ( Գրիգոր Շաշիկյանը)՝նշելով, որ իր ստեղծագործության ներառումը եղել է չափորոշիչ կազմող խմբի որոշումը։

Նշենք, որ Գրիգի «Հիսուսի կատուն» ստեղծագործությունը ևս ընդրգկվել է հանրակրթական չափորոշիչների նախագծում:

«Հանրային քննարկման փուլն այսպես թափանցիկ առաջին անգամ է իրականացվում, կարծում եմ թյուրըմբռնում կա, որոշ մարդիկ չեն պատկերացնում, որ այս փուլը փոփոխություններ իրականացնելու փուլ է, նույնիսկ մի մասն էլ մտածում են, որ խոսքը դասագիրք կազմելու մասին է: Ներկայացված է նախագիծ, որը ենթակա է փոփոխման և թիմը բաց է առաջարկների համար: Սակայն ցավով պետք է նշեմ, բոլոր այն գրականագետների, ում կարծիքը մեզ համար շատ կարևոր էր, ընդամենը մեկ տոկոսն է, որ հստակ առաջարկներ է արել և մեզ նամակով դիտարկումները ներկայացրել:

Սա մեզ համար տարօրինակ էր, ի՞նչն է պատճառը, երբ դեռևս հանրային քննարկման փուլն է, և նախագծում դեռ պետք է փոփոխություններ լինեն, առաջարկների փոխարեն հնչում են խոսքեր, որոնք հարիր չեն գրականագետին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ բարձրացնել աղմուկ, երբ քո ձայնը լսելի է, ես այստեղ ուրիշ դրդապատճառներ եմ սկսում տեսնել»,-նշեց նա:

Արձակագիրը նշում է, որ մինչ չափորոշչի նախագծումը գրականագետների և ուսուցիչների հետ հեռավար հարթակում քննարկում է կազմակերպվել. «Մենք քննարկում կազմակերպեցինք, գրականագետներից մեկը մտավ և ասաց մյուսներին՝ պայմանավորվել էինք, չէ՞, որ չենք մասնակցելու քննարկմանը, և դուս եկավ: Յուրաքանչյուր նամակ ստանալուց հետո խմբի ներսում տեղի է ունենում քննարկում: Եկեք ազնիվ լինենք, ավելի հեշտ չէ՞ բողոք ունենալու դեպքում նամակ գրել, և եթե սպառիչ պատասխան չտրվի, նոր աղմուկ բարձրացնել: Մեր հասարակության մեջ կա մի սարսափելի բան, մենք կարծես Շեքսպիրի հերոսները լինենք, իրար հետ չենք խոսում, եթե Շեքսպիրի հերոսներն իրար հետ խոսեին, ոչ մեկը ոչ մեկին չէր սպանի»,- ընդգծեց նա:

Գրիգոր Շաշիկյանի խոսքով՝ գրողների կողմից ևս բողոքներ են հնչել, թե ինչո՞ւ նախագծում նրանց ներառելիս իրենց հետ չեն համաձայնեցրել և նախօրոք չեն տեղեկացրել, սակայն դա կլիներ կոպիտ խախտում և ուղղորդված վերաբերմունք:

«Իսկ թե ինչպես է ձևավորվել չափորոշիչներ կազմող խումբը, նշեմ, որ ես տեսել եմ հայտարարությունը ԿԳՄՍ նախարարության էջում, գնացել եմ հարցազրույցի և ներկայացրել եմ իմ տեսլականը։ Ո՞վ է մեղավոր, որ այդ լավ մասնագետները չեն գնացել»,- մեկնաբանեց Գրիգը:

Արձակագիրը նշում է, որ ժամանակակից գրողների  ծրագրում ներառվելու հետ կապված դեռևս քննարկումներ են ընթանում, թե ի՞նչ քանակությամբ և ովքե՞ր կընդգրկվեն, սակայն նրա համոզմամբ՝ պետք է աշխատի մեծ խումբ և այդ խմբում պետք է ներգավված լինեն նաև հոգեբաններ:

«Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» ստեղծագործության դեպքում մի անթույլատրելի բան տեղի ունեցավ, մարդիկ, կարդալով այդ ստեղծագործությունը, այն վերագրեցին իրեն և ցավալի է, որ մտածում են, թե նրա հայրը խմող է։ Նա հայտնի բժիշկ է եղել և չի կարելի դա վերագրել մարդուն և քարկոծել: Եթե ծնողների մեծ մասը գտնում են, որ պետք չէ, որ երեխան այդ ստեղծագործությանը ծանոթանա, խնդիր չկա, չի ծանոթանա: Հնչում են հարցեր, թե ինչո՞ւ չկա այս կամ այն գրողը։ Միշտ կարելի է գտնել ստեղծագորոծություններ, որոնք ներառված չեն և ասել, որ դիտավորություն կա, ցանկի վերևում գրված է, որ 10 տոկոսի չափով ուսուցիչը կարող է ավելացնել ստեղծագործություններ, որոնք բացակայում են: Գրողների ընտրության հարցում բացառապես ոչ մի քաղաքականութուն չկա:

Դիտարկմանը, թե նախագծի համակարգող Թամարա Ալեքսանյանը նշել է, որ բարձրացված աղմուկը պայմանավորված է նրանով, որ շատ ուսուցիչները չեն ցանկանում նոր ստեղծագործություններ կարդալ և մշակումներ անել, այդ դեպքում, եթե ուսուցիչը չվերապատրաստվի, ցանկացած լավ ծրագիր արդյունավետ չի կարող լինել, արձակագիրը նշեց. «Ես հավատում եմ և՛ ուսուցչին, և՛ աշակերտին, գիտեմ, որ նախարարությունը լայնածավալ վերապատրաստումներ է նախատեսել, որը շատ կարևոր է: Ես այս աղմուկի մեջ լսեցի ուսուցչի հասցեին հնչող կոշտ քննադատութուններ, որոնք չպետք է լինեին: Ուսուցիչն է այս ամենն իրականացնողը և մենք պետք է օգնենք և սատար կանգնենք: Հավատում եմ, որ ուսուցիչը, տեսնելով իրեն տրված նոր գործիքներ կիրառելու ազատությունը և հնարավորությունները, կկարողանա նոր մակարդակի կրթություն տալ: Եթե մենք մեր ուսուցչին և մեր աշակերտին չհավատանք, ուրեմն այս ամենն իզուր է: Մեր նպատակը օրինապահ և հայրենիքը սիրող, ինքն իրեն պաշտպանող քաղաքացի ունենալն է»:

Արձակագիրը նշեց, որ ժամանակակից գրողների ընտրված ստեղծագործություններում կան նաև հայրենիրական և մարդու արժանապատվության և բարոյագիտությանը վերաբերող թեմաներ, սակայն թիրախավորվում է մեկ գործ ու կարծիք է կազմվում բոլոր գործերի մասին:

«Արմեն Օհանյանի «Մայրենիք. Դրոշ» ստեղծագործությունը շահարկման առիթ դարձավ համացանցում․ մարդիկ այդ գրքից հատվածներ տեղադրեցին և աղմուկ բարձրացրին, սակայն մենք այդ գիրքը չենք ներառել չափորոշչում, մենք ներկայացրել ենք «Կիկոսի վերադարձը» պատմածքը: Սակայն թյուրըմբռնում եղավ, քանի որ պատմվածքի և գրքի վերնագիրը նույնն է և մարդիկ սկսեցին դա շահարկել». եզրափակեց նա: