Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան մեկնել է Լիտվա
Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան անվտանգության մեջ է, նա Լիտվայում է: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Սվետլանա Տիխանովսկայան անվտանգության մեջ է, նա Լիտվայում է»,-գրել է նախարարն իր թվիթերյան էջում:
Մեկ օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Սվետլանա Տիխանովսկայան ասել էր, որ չի պատրաստվում լքել Բելառուսը: «Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է ինձ ձերբակալեն, և չեմ պատրաստվում», - ասել էր նա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ Տիխանովսկայան՝ 10,09%-ը:
Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:










