Պոմպեոն դատապարտել է Իրանում բողոքի ցույցի մասնակցած ըմբիշ Նավիդ Աֆկարի մահապատիժը. ТАСС

00:34 • 13.09.20

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն շաբաթ դատապարտել է Իրանում 2018-ին բողոքի ակցիաների մասնակցած 27-ամյա ըմբիշ Նավիդ Աֆկարին, որը մեղադրվում էր նաև Շիրազ քաղաքում պահակի սպանության մեջ, մահապատժի ենթարկելու դատավճիռը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Իրանական ռեժիմի կողմից Նավիդ Աֆկարի մահապատիժը սարսափելի և դաժան է, մենք վճռականորեն այն դատապարտում ենք»,- նշվում է թվիթերում արված գրառման մեջ,- «Սա բացահայտ հարձակում է մարդու արժանապատվության նկատմամբ… իրանցիներին լռեցնել հնարավոր չէ»:

Պետքարտուղարի խոսքերով՝ Աֆկարիի կյանքն ու մահը «չի մոռացվի»:

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի իշխանություններին կոչ էր արել չիրականացնել Աֆկարի մահապատիժը: Իր խոսքով՝ ըմբիշի արարքն այն է եղել, որ վերջինս մասնակցել էր փողոցային հակակառավարական ցույցին: